Հայաստանում, Վրաստանում, Արցախում և Սփյուռքի հայաշատ համայնքներում այսօր նշելով Թումանյանի ծննդյան օրը՝ շարունակում են 13 տարի առաջ ծնունդ առած գեղեցիկ ավանդույթը՝ գրքի տոնը հարստացնելով նաև գրական մրցանակաբաշխություններով: Գրողների միությունը միաժամանակ երկու մրցանակաբաշխությամբ է նշում Գրքի տոնը. վստահ են՝ գրական ստեղծագործ ընթացքը ոգեշնչման մեծ էներգիա ունի:
Հայոց բանակին նվիրված մրցանակաբաշխության մեկ տասնյակից ավելի մրցանակակիրները մարտական ճանապարհ անցած, բանակում ծառայած ու բանակաշինությանը մասնակցած ստեղծագործողներն են: Նրանցից Վաչագան Մանուկյանն իր «Մահից 7 րոպե առաջ» գրքի համար «Վազգեն Սարգսյան» մրցանակով պարգևատրվել է հետմահու:
«Գթության քույրը» պատմվածքի համար «Վազգեն Սարգսյան» մրցանակին է արժանացել նաև Հովիկ Վարդումյանը. մեր գրականության համար առանձնահատուկ կարևոր է համարում ազգային դիմագծի պահպանումը:
«Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակաբաշխության «հրապարակախոսություն» անվանակարգում մրցանակի է արժանացել Հովհաննես Պապիկյանի «Անավարտ զրույցներ» գիրքը:
Գրական մեծ ընտանիքը ձգտում է, որ գրող-ընթերցող կապն օրեցօր ավելի ամրապնդվի, որ լավ գրականությունն ու հավատարիմ ընթերցողը երբեք միմյանց չկորցնեն: