Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրել է Նոր Հաճն համայնքում:
Քննարկվել են կատարված աշխատանքները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը:
Համայնքի ղեկավար Գագիկ Մաթևոսյանի ներկայացմամբ՝ 2020 թվականի ընթացքում Նոր Հաճնում սուբվենցիոն ծրագրով իրականացվել են բազմաբնակարան շենքերի թեք տանիքների հիմնանորոգման աշխատանքներ:
Կրկին սուբվենցիոն ծրագրով նախորդ տարիներին հիմնանորոգվել է նաև համայնքի մարզադաշտի մարզադահլիճը:
Գագիկ Մաթևոսյանի խոսքով՝ համայնքը գրեթե ամբողջությամբ անցել է գիշերային լուսավորության՝ LED լուսատուներով:
Այս տարի նախատեսում են համայնքի ևս մեկ թաղամասում անցկացնել լուսավորության ցանց:
Ընթացիկ տարում համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել սուբվենցիոն մեկ ծրագրային հայտ, որով նախատեսվում է կառուցել խաղահրապարակ:
Մարզպետն իր խոսքում շեշտել է, որ պատրաստ է կառուցողական աշխատանքի:
«Տարբեր իրողություններով պայմանավորված՝ դժվարին ժամանակներ են, բայց վստահ եմ` միասնական աշխատանքի շնորհիվ հաջողելու ենք»,- ասել է մարզպետը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթությանը, համայնքի մշակութային և սպորտային կյանքի զարգացմանն ու այլ ոլորտներին առնչվող հարցեր: