ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ Ահմադ ալ-Բաուարիդի ալ-Ֆալասիի հրավերով ԱՄԷ մայրաքաղաք Աբու Դաբիում կմասնակցի IDEX-2021 ռազմարդյունաբերական 15-րդ միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 21-25-ը:
Հայաստանը ցուցահանդեսին կմասնակցի միասնական տաղավարով, որտեղ ներկայացված կլինեն 14 հայկական ընկերություններ, որոնք կներկայացնեն հայկական ռազմարդյունաբերության արտադրանքն ու լուծումները։
Իրենց արտադրանքը ներկայացնելուց բացի՝ նշյալ ընկերությունները հնարավորություն կունենան գտնել վաճառքի նոր շուկաներ, նոր կապեր և գիտելիքներ ձեռք բերել նորագույն ռազմարդյունաբերական արտադրանքի վերաբերյալ։
IDEX-ը պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության ամենահեղինակավոր միջազգային ցուցահանդեսներից է, իսկ միջինարևելյան ու հյուսիսաֆրիկյան տարածաշրջանում ամենամասշտաբայինն է: Այն եզակի հարթակ է տարածաշրջանի պետական գերատեսչությունների, բիզնեսի և զինված ուժերի հետ կապեր հաստատելու և ամրապնդելու համար:
Այցի շրջանակում նախատեսվում են Հակոբ Արշակյանի պաշտոնական մի շարք հանդիպումներ։