Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը միանվագ 10 մլն-ական դրամ հատուցել է վերջին պատերազմում զոհված 1111 զինծառայողի ընտանիքի: Պաշտպանության նախարարությունն արդեն ամբողջական 2000 գործ ներկայացրել է հիմնադրամին: Առաջիկա օրերին կներկայացվի 150 անուն ներառող հերթական փաթեթը:
Սեղանին՝ Տավուշի սահմանից Արցախի սահման հայրենիքը պաշտպանելու մեկնած զոհված տղաների գործերն են:
Ալեքսանդր Հովսեփյան, ՀՀ ՊՆ սոցիալական ապահովության երաշխիքների և արտոնությունների իրավունքի տրամադրման բաժնի պետ - Հիմնադրամ ուղարկվելու պատրաստ հատուցման գործն է: Կոնկրետ սա Տավուշի մարզից Օհանյան Գոռ Գագիկի գործն է: Մոտ օրերս այն կուղարկվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ՝ հետագա վճարումներն իրականացնելու համար:
Կողք-կողքի թղթապանակներում հարևան համայնքների՝ տավուշցի Գոռ Օհանյանի և Բերդից Գևորգ Խաչատրյանի անձնական գործերն են: Պաշտպանության նախարարության Սոցապ վարչությունն Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված շուրջ 2000 գործ արդեն ուղարկել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ:
Ալեքսանդր Հովսեփյան - Մոտ օրերս ևս մի խմբաքանակ՝ մոտ 150 գործ, կներկայացվի հիմնադրամին:
Մինչև այսօր 1000+ հիմնադրամը միանվագ՝ 10 մլն դրամ հատուցել է վերջին պատերազմում զոհված 1111 զինծառայողի ընտանիքի: Այս գումարից բացի՝ 20 տարի ժամկետով պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքները կստանան նաև 200.000-ական դրամ աջակցություն, պայմանագրային, շարքային և ենթասպայական կազմի դեպքում՝ հատուցումն ամսական 250.000 դրամ է, մարտում զոհված սպաների ընտանիքները 300.000 դրամ կստանան:
Մխիթար Մխիթարյան, ՀՀ ՊՆ սոցիալ-իրավական աջակցության բաժնի ավագ սպա - Հարազատները ՊՆ են ներկայացնում մահվան վկայականը և դրա հիման վրա կատարվում է աջակցության ծրագրով փոխհատուցումը:
Որքա՞ն ժամանակ է պահանջվում այդ գործընթացն ավարտելու համար.
Ալեքսանդր Հովսեփյան - Փաստաթղթերի հավաքագրումն սկսվում է մարզպետարաններից և թաղապետարաններից, ներկայացվում է մեզ, այնուհետև մենք համեմատում ենք գլխավոր շտաբի և Քննչական կոմիտեի եզրակացության հետ, դա օրենսդրությամբ է նախատեսված:
Արցախում ապրող Հայաստանի քաղաքացիների դեպքում գործընթացը մի փոքր երկարում է: Պատճառն այն է, որ նրանց անձը հաստատող փաստաթղթերն ուղղակի չկան:
Ալեքսանդր Հովսեփյան - Կարող է անձնագիրն ընթեռնելի չլինել, զագսի վկայականը պակաս լինել և այլն: Հիմնականում՝ Արցախից տեղահանված քաղաքացիների դեպքում է լինում, երբ փաստաթղթերը չեն պահպանվել:
Գործը լիաժեք դաձնելու համար Սոցապ վարչությունը մշական կապի մեջ է մարզպետարանների ու զոհվածի հարազատների հետ, որ սոցիալական աջակցության փաթեթը հիմնադրամին հնարավորին արագ հասնի: