Ադրբեջանի կացնային քաղաքականության միջազգային կոշտ և անսպասելի արձագանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 16 տարի անց՝ 2020-ի մայիսին, կայացրեց Գուրգեն Մարգարյանի գործով վճիռը: Արձանագրեց՝ Բաքուն խախտել է կյանքի իրավունքը:
Սիրանուշ Սահակյան (ՄԻԵԴ-ում Գուրգեն Մարգարյանի ընտանիքի լիազոր ներկայացուցիչ) - Այս իրավական գործընթացը արժեքավոր էր նրանով, որ գնահատական տվեց, արձանագրեց այն անթույլատրելի խախտումները, որոնք տեղ են գտել:
ՄԻԵԴ-ը վճռեց՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայի կյանքի իրավունքի և խտրականության արգելքի մասին հոդվածները; Սա ՄԻԵԴ-ի առաջին վճիռն էր, որտեղ փաստացի արձանագրվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը: 2004-ին Գուրգեն Մարգարյանի հետ Բուդապեշտ էր մեկնել նաև Հայկ Մակուչյանը: Ուսումնական ծրագրից մեկուկես ամիս անց կացնով զինված ադրբեջանցի ոճրագործը դաժանաբար սպանեց հայ սպային:
Հայկ Մակուչյան - Ես արթնացա դռան հարվածից. «Օտկրոյծե արմյան»: Երբ որ դուռը բացեցի, տեսա արյունոտ կացինը. էդ պահին մտքովս անցավ Գուրգենը:
Բուդապեշտի քաղաքային դատարանը 2006-ի ապրիլին Սաֆարովին դատապարտեց ցմահ ազատազրկման: 2012-ին Ադրբեջանի խնդրանքով մարդասպանը տեղափոխվեց Բաքու՝ պատժի մնացած մասն այնտեղ կրելու պայմանով; Անցած տարի ՄԻԵԴ-ը վճռեց՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիան՝ ազատ արձակելով Ռամիլ Սաֆարովին: Վճիռը դեռևս գործընթացի ավարտը չէ, ենթակա է կատարման:
Սիրանուշ Սահակյան - Եվ այստեղ է, որ խիստ կարևոր ենք համարում այս գործընթացը; Նախ պատժելիությունը փոփոխելու է արդեն հասարակություննեի և միջազգային հանրությանը ուղղվող ազդակները, մյուս կողմից այն ունենալու է արդեն կանխարգելող բնույթ:
Փոխատուցման պահանջ հայ սպայի ընտանիքը չի ներկայացրել; Վճիռը փոխանցվել է ավելի բարձր ատյանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, կատարումը իրենք են վերահսկելու: Ժամկետ է տրվել Ադրբեջանին՝ ներկայացնելու գործողությունների պլանը:
Սիրանուշ Սահակյան - Մեր մոտեցումն է լինելու ապահովել պատժի հետագա կրումը, բայց հստակ երաշխավորված տեսքով, որպեսզի անկախ անձանց կողմից վերահսկելի և համոզիչ լինի որ այլ հանցագործներին հավասար հիմունքներով կրում է պատիժը:
Սիրանուշ Սահակյանի խոսքով` Հայաստանը պետք է համոզի նախարարների կոմիտեին, որ վճռի կատարումը իրատեսական է Եվրոպայի խորհրդի մեկ այլ երկրում, որտեղ խիստ կանոններով Սաֆարովը կկրի պատիժը; Եթե Բաքուն հրաժարվի պահանջից, պատժամիջոցներ կկիրառվեն; Եվրոպական դատարանի վճիռը իրավաբանորեն պարտադիր է; Չկատարելու դեպքում Եվրոպայի խորհուրդը պարտավոր կլինի պատասխանատվության միջոցներ կիրառել:
Սիրանուշ Սահակյան - Այստեղ Ադրբեջանը հայտնվելու է փակուղում: Եթե կատարում է վճիռը, ոգևորիչ տրամադրությունները որոնք ստեղծվել էին հասարակությունում, անկում են ապրելու, երկրորդ եթե չի կատարում վճիռը հայտնվելու է միջազգային կառույցների պատժամիջոցների ներքո, որոնք չեն կարող չվնասել պետության շահերը:
Պատիժն անփոփոխ է՝ ցմահ ազատազրկում, հունգարական դատարանի վճիռն էր: Եվրոպայի խորհրդի խնդիրն է լինելու՝ ապահովել պատժի հետագա իրականացումը; Ադրբեջանը ներման միջոցով խափանեց Սաֆարովի պատժի հետագա կրումը: Ներումը ՄԻԵԴ-ը ոչ իրավաչափ է ճանաչել: