Արցախի նախագահի մամուլի խոսնակը հերքել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի գրառումը, թե առաջիկա օրերին նախատեսված է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Հայաստանի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության նախագահ Ալի Նագիևի գաղտնի հանդիպումը Մատաղիսից ոչ հեռու, որտեղ պետք է քննարկեն, ինչպես Մինասյանն է ասել՝ «Արցախի մնացորդները Ադրբեջանին ինտեգրացնելու քայլերը»:
Լուսինե Ավանեսյանը նշել է, որ որևէ հանդիպում չի նախատեսվում, Արցախի անկախությունը սակարկության ենթակա չէ, և Արցախի քաղաքական օրակարգում միայն երկրի անկախության միջազգային ճանաչումն է:
«Նման հանդիպում չի նախատեսվում: Ինչ վերաբերում է Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելուն կամ ենթակայությանը, ապա այդ մասին խոսելն ավելորդ է: Ադրբեջանն Արցախի ինտրեգրման միայն մի ճանապարհ է տեսնում՝ դա Արցախի ռազմակալումն է, իսկ Արցախն էլ չի պատկերացնում իր ենթակայությունը Ադրբեջանին:
Արցախի անկախությունը սակարկության ենթակա չէ»,- ասել է Ավանեսյանը: