Ոստիկանությունը 20 մարդ է ձերբակալել, որոնք փորձել են Վրաստանի խորհրդարանի դիմաց վրաններ տեղադրել։ Ձերբակալվածների թվում են հասարակական կազմակերպությունների ու ընդդիմադիր շարժումների ակտիվիստներ, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ հայտնում է aliq-ը։
Վերջին երկու ամսում ցուցարարները վրանները տեղադրել էին խորհրդարանի շենքի ետնամուտքի մոտ, այսօր որոշել էին դրանք տեղափոխել Ռուսթավելի պողոտա։ Ոստիկանությունը թույլ չի տվել և ձերբակալել է 10 քաղաքացու՝ հասարակական կարգը խախտելու ու իրավապահ մարմիններին դիմադրություն ցույց տալու համար:
Ոստիկանությունը հայտնել է, որ ցուցարարները խոչընդոտել են մայրաքաղաքի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկությանը, ակտիվիստներն էլ ոստիկանությանը մեղադրել են իրենց վրանները գողանալու ու ձերբակալության ընթացքում բռնություն կիրառելու համար։
Ըստ վերջին տեղեկությունների՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, Ռուսթավելի փողոցում երթևեկությունը դժվարացել է։