«Եվրասիա միջազգային համալսարանի» իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ փետրվարի 19-ին Եվրասիա «Իրավաբանական դպրոցի» աշակերտների համար կազմակերպվել է ճանաչողական այց Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:
Այցի նպատակն էր աշակերտներին իրազեկել Քննչական կոմիտեի կազմավորման, գործունեության, առհասարակ՝ համակարգի, «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով ամրագրված՝ Քննչական կոմիտեի գործառույթների, Քննչական կոմիտեում ծառայության անցնելու կարգի մասին, ծանոթանալ քննիչի աշխատանքի առանձնահատկություններին:
ՀՀ քննչական կոմիտեի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետի պաշտոնակատար Վահրամ Անդրեասյանը, ողջունելով աշակերտներին, անդրադարձել է նրանց հուզող և հետաքրքրող հարցերին` տալով սպառիչ և բովանդակալից պատասխաններ:
Այցի ընթացքում Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը աշակերտներին ներկայացրել է «ճանաչման սենյակը», գրադարանը, բացատրել, թե գործնականում ինչպես են կատարվում քննչական գործողությունները, նրանք հանդիպել են Քննչական կոմիտեի քննչական վարչությունների աշխատակիցների հետ, որոնք ներկայացրել են համապատասխան ստորաբաժանումների գործառույթները, դրանց դերն ու նշանակությունը: Քննչական կոմիտեի աշխատակիցները, անդրադառնալով երեխաներին հետաքրքրող հարցերին, տվել են բովանդակալից և սպառիչ պատասխաններ:
Հավելենք, որ նմանատիպ հանդիպումները շարունակական բնույթ ունեն և միտված են ուսանողների ու աշակերտների գործնական գիտելիքների զարգացմանը, նպաստելու ապագան ու հեռանկարները պատկերացնելուն, մասնագիտության ընտրության հարցում ճիշտ կողմնորոշվելուն և որոշում կայացնելուն։