ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՄՍ նախարարին կից ոչ նյութական մշակութային ժառանգության հարցերի մասնագիտական խորհրդի հերթական նիստը: Այն վարել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ մշակութային քաղաքականությունը չի կարող տարանջատված լինել արտաքին քաղաքականությունից. «Ամեն ինչ պետք է անենք միջազգային տեղեկատվական ինքնամեկուսացման մեջ չհայտնվելու, կապը չխզելու համար. մեզ համար այժմ՝ առավել քան երբևէ, կարևոր է ներկա լինել այդ միջավայրում: Պետք է հստակեցնենք ոլորտի ռազմավարական առաջնահերթությունները, իմանանք՝ ինչպես ենք դիրքավորվում միջազգային հարթակում»:
Նախքան նիստի օրակարգին անցնելը խորհրդի անդամ, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող Հռիփսիմե Պիկիչյանը ներկայացրել է ոլորտում առկա խնդիրները՝ ինստիտուտում պահվող ձայնագրությունների թվայնացման վերաբերյալ: Խնդրի առնչությամբ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ պետք է աշխատել պահպանված ժառանգությունը ոչ միայն թվայնացնելու, այլև կենսունակ դարձնելու, երգն ու երաժշտությունը երաժշտական խմբերի միջոցով հանրայնացնելու ուղղությամբ՝ որոշակի ծրագրերի մշակմամբ, և այդպիսով նաև ձևավորելով միջոլորտային ամուր կապ:
Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդի անդամները, ըստ ընթացակարգի, խորհրդի նոր նախագահ են ընտրել Հռիփսիմե Պիկիչյանին:
Հանդիպմանը քննարկվել է ոչ նյութական մշակութային ժառանգության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկը: Խորհրդի անդամները հանդես են եկել առաջարկություններով, մասնագիտական դիտողություններով:
Առանձին-առանձին անդրադառնալով ցանկում ընդգրկված արժեքներին՝ ամփոփվել են ներկայացված առաջարկները, լրամշակման, խմբագրման ենթակա կետերը, արժեքներին վերաբերող մասնագիտական առանձնահատկությունները, արված աշխատանքը և անելիքները, կարևորվել են ձեռք բերված հմտությունները: Մասնավորապես, առաջարկվել է «ասեղնագործությունը» հանել ցանկից՝ որպես անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեք, քանի որ վերջին տարիներին ասեղնագործական նմուշների պահպանման ակտիվ գործունեություն է ծավալվում դասընթացների կազմակերպման միջոցով:
Քննարկվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովից ստացված առաջարկների՝ համատեղ հայտ պատրաստելու ցանկը: Որոշվել է առաջարկող կողմից խնդրել հիմնավոր տեղեկություններ ցանկի նմուշների վերաբերյալ՝ հետագա համագործակցությունը հստակեցնելու նպատակով: