Մոտ մեկ դար առաջ Զմյուռնիայում խարիսխ գցեց ճապոնական մի նավ, որը մոտ 825 հայերի ու հույների փրկեց կոտորածներից և հասցրեց Հունաստանի ափեր: Փրկության նավի ու խիզախ նավապետի պատմության մանրամասները ներկայացվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Միջոցառումը նվիրված է Զմյուռնիայում տեղի ունեցած հայերի և հույների կոտորածների 100-րդ տարելիցին, նաև հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությանը:
Թանգարանի գիտաշխատող Թեհմինե Մարտոյանն ու ճապոնագետ Աննա Վարդանյանը ներկայացրել են գիտական ուսումնասիրության արդյունքն ու 1922-ին Զմյուռնիայում հայերի և հույների ցեղասպանության մասին հույն հեղինակի ֆիլմը:
Թեհմինե Մարտոյան (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի ցուցադրությունների կազմակերպման բաժնի գիտաշխատող) - Համադրեցինք մեր ուսումնասիրությունները, ավելին՝ անգամ գիտական հոդված պատրաստեցինք, որ ցեղասպանագիտական հանդեսում լույս է տեսել, արդյունքները ամփոփեցինք՝ բացահայտելով հայերի, վերապրողների վկայությունները, որովհետև հույն հետազոտողներն են զբաղվել այդ խնդրով:
Աննա Վարդանյան (ճապոնագետ) - Շատ ուրախ և հպարտ եմ, որ կարողացանք 100 տարի անց այսպիսի գիտական բացահայտումների շարք կատարել:
Ջուն Յամադա (ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան) - Շնորհակալ եմ մեր դեսպանության լավ ընկերոջը, որի շնորհիվ կատարվել է գիտական հետազոտությունը: Պատմություն է՝ ճապոնական նավի ու նավաստու մասին, որը Զմյուռնիայի աղետի ժամանակ կարողացավ փրկել բազմաթիվ հայերի և հույների կյանքը: Կցանկանամ, որ ավելի շատ ճապոնացիներ իմանան այս պատմությունը: