ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը հանդիպել է Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնի (IERC) ներկայացուցիչներ Արփինե Բաբախանյանի և Վարդուհի Կարապետյանի հետ։
Վիկտորիա Պողոսյանին են ներկայացվել կենտրոնի ստեղծման պատմությունը, գործունեության նպատակը, առաջիկա ծրագրերը, Նախարարության ծրագրերի շրջանակներում համագործակցության ակնկալիքները։
Նշվել է, որ Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնն Արմավիրի մարզում միակն է, որը մարզի 10-16 տարեկան բնակիչներին հնարավորություն է ընձեռում ստանալ անվճար կրթություն և ձեռք բերել գիտելիքներ ծրագրավորման ոլորտում։
Կենտրոնը գործում է 2011թվականից, Էջմիածնում՝ նպատակ ունենալով ակտիվացնել մարզում տեխնոլոգիական ոլորտը ու խթանել տնտեսությունում նորարարությունը։ Նշյալ նպատակին հասնելու համար ստեղծվել են ինժեներական, մեդիա, ծրագրավորման լաբորատորիաներ, որտեղ ուսանողները սովորում են Python, Web ծրագրավորում, գրաֆիկական դիզայն, եռաչափ մոդելավորում, ստեղծում են հավելվածներ։ Մենթորների օգնությամբ կենտրոնի սաները պատրաստել են գրաբար զրուցարան, ստեղծել են հայ մտքի դպրոց, որի նպատակը ինովացիաների միջոցով հայագիտության տարածումն ու հանրայնացումն է, նաև՝ հայկական մանկական երգերի հիման վրա պատրաստել են անիմացիաներ։
ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Վիկտորիա Պողոսյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը և ընդգծել մարզերի զարգացմանն ուղղված ծրագրերի անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ Արմավիրի մարզը տեխնոլոգիապես ակտիվ չէ, և Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնը ոլորտը մարզում զարգացնելու ճանապարհին կարող է մեծ դերակատարություն ունենալ։ Նախարարի տեղակալը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու այդ նպատակին ուղղված նրանց նախաձեռնություններին։
Հատկանշական է նաև, որ կենտրոնի սաները մասնագիտություն ընտրելիս առավելապես նախընտրում են տեխնոլոգիական ուղղությունները։ Կենտրոնում, սաներին կրթելուց բացի, կարևորվում է նրանց աշխատանքով ապահովելը։ Դրա համար համագործակցում են մի շարք ընկերությունների հետ։