Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են Ներքին Կարմիրաղբյուրի պուրակի կառուցման աշխատանքները, մասնավորապես՝ անշարժ գույքի ձեռքբերման ու օտարման հարցերը լուծվա՞ծ են, թե՞ ոչ:
«Ներքին Կարմիրաղբյուրում որոշակի խնդիրներ առաջացան գույքի գրանցման հետ, և մինչ օրս հնարավոր չի եղել այդ գույքերը գրանցել համայնքի հաշվեկշռում, որ կարողանանք աշխատանքները սկսել: Սեփականատերերի հետ կապված դատական պրոցեսներ են, ժառանգության ճանաչման խնդիրներ կան»,- նշեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Ի վերջո, լուծվելո՞ւ է այդ հարցը, թե՞ չէ՝ հարցրեց վարչապետը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էլ պարզաբանեց, թե հարցն իրենց իրավասության շրջանակում չէ: Մարզն ու համայնքը պետք է լուծեին այդ հարցերը:
«Բայց գնացել ենք, մարդկանց խոստացել ենք, ֆինանսավորումը տվել ենք, նախագիծը հաստատել ենք, տեղում նայել ենք, համաձայնությունը ձեռք ենք բերել, պարզվում է՝ մինչև հիմա արված չի: Օգոստոս-սեպտեմբերն է եղել, գնացել նայել ենք, ասել ենք, խոսել ենք մարդկանց հետ, պարզվում է մինչև հիմա գրանցման հարց կա՞»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ կպարզի ու կզեկուցի, թե ինչ խնդիր է առաջացել:
«Պետք չի պարզել ու զեկուցել, պետք է գնալ ու լուծել հարցը, զեկուցել, որ արված է ամեն ինչ»,- նշեց Փաշինյանը:
«Եթե մեր անելիքն է, կանենք, կզեկուցեմ»,- նշեց Պապիկյանը: