Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ջրային ռեսուրսների կուտակման խնդիր ջրամբարներում այս պահին չկա, և բարենպաստ պայմաններ են, կարծես, խնդիրներ չեն էլ լինի տարվա ընթացքում, բայց ջրային ռեսուրսների ճիշտ ու արդյունավետ բաշխվածության մասով պետք է լուրջ աշխատանք տարվի:
«Պետք է հույս ունենալ, որ այս տարի մենք կկարողանանք ամեն ինչ անել, որ ո՛չ խաղողագործները, ո՛չ լոլիկագործները, ո՛չ այգեգործները ստիպված չլինեն իրենց ձայնը լսելի դարձնելու համար ճանապարհներ փակել, ակցիաներ անել»,- նշեց Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը հիշեցրեց՝ մարտին մեկնարկում են գյուղատնտեսական աշխատանքները, մարզպետարանների և համայնքապետարանների հետ պետք է սերտ աշխատել, որ խնդիրների մասին իմանան նախապես և դրանց չծագելու ուղղությամբ աշխատեն, այլ ոչ թե խնդիրը առաջանա, և մարդիկ իրենց ասածը բարձրաձայնելու այլ եղանակներ փնտրեն:
ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ամեն ինչ կանեն քաղաքացիներին գոհացնելու համար, բայց յուրաքանչյուր բողոք հիմնավորվածություն ունի:
«Երբեմն սակագնի իջեցման բողոքի մասին է խոսքը, երբեմն այն վայրերը, որտեղ ջրի հասանելիություն չի եղել անգամ խորհրդային տարիներին, այդտեղ ջուր հասցնելու խնդիրն է: Պետք է ժամանակին դիմել Ջրօգտագործողների ընկերություն, ներկայացնել հայտ, որպեսզի կարողանան ապահովել ջուրը: Այսինքն՝ առանց հայտ ներկայացնելու՝ ուղղակի չեն կարող ջուր ունենալ: Խնդրում եմ մեր քաղաքացիներին պարտաճանաչ լինել այս հարցում»,- նշեց Պապիկյանը:
Կա Կառավարության որոշում՝ երբ է սկսվում ոռոգման տարին, բայց հաշվի առնելով, որ շատացել են ջերմոցային տնտեսությունները, և նոր մշակաբույսեր են առաջացել, հաճախ ջրի կարիք լինելու է ավելի վաղ:
«Կառավարության որոշմամբ՝ ժամկետից շուտ, անգամ եթե հայտ լինի, Ջրօգտագործողների ընկերությունը ելք կգտնի ու ջուր կտրամադրի: Առանց համագործակցության հնարավոր չէ ստանալ ջուր ու անել տնկարկ: Խոսքը անհատ տնտեսություններին ու սուբյեկտներին է վերաբերում, որոնք դրա կարիքն ունեն, իրենք Ջրօգտագործողների ընկերությունների շահառուներ են, պայմանագրեր ունեն: Պիտի դիմեն ընկերությանն ու ստանան համապատասխան ջրաքանակը»,- նշեց Պապիկյանը:
Վարչապետը հավելեց, որ գյուղացու հետ պետք է ազնիվ խոսել ու ասել, թե որ խնդիրն է հնարավոր հրատապ լուծել, որ խնդիրն է, որ երկարաժամկետ լուծում է պահանջում:
Ջուրը թե՛ անվտանգություն է, թե՛ գյուղատնտեսություն է, թե՛ տուրիզմ է, թե՛ էներգետիկա և շատ լուրջ ու ֆունդամենտալ մոտեցման կարիք ունի՝ նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ մանրամասնելով՝ երեկ հանդիպել է Ազատան համայնքի ղեկավարության հետ, և քննարկել են կարգավորիչ ջրամբար կառուցելու հարցը, որը շատ փոքր ներդրումով թույլ է տալու 600-1000 հեկտար լրացուցիչ ոռոգվող հողատարածք ունենալ:
«Կարծում եմ՝ շատ լավ օրինակ է: Եվ կարելի է կոչ անել համայնքներին այդպիսի փոքր պրոյեկտներ ներկայացնել մեզ, և մենք էլ կփորձենք հնարավորինս արագ արձագանքել»,- նշեց նախարարը: