ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին աջակցելու նպատակով: Ծրագիրն իրականացվելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ Կառավարության կողմից իրականացվող միջամտություններին:
Ծրագրով շուրջ 350 հազար ԱՄՆ դոլարի սահմանում շահառուներին կհատկացվեն աջակցության փաթեթներ, որոնք ներառում են անասնակեր, սարքավորումներ, ինչպես նաև հավանոցներ կառուցելու կամ վերանորոգելու համար անհրաժեշտ միջոցներ, պարարտանյութեր և բանջարեղենի սերմեր:
Փետրվարի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղկալ Արման Խոջոյանն ու ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն ստորագրել են ծրագրի մեկնարկային փաստաթուղթը։
«Այս ծրագիրը ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՊԳԿ շարունակական համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկն է, և մենք պետք է միասնական ուժերով աշխատենք, որպեսզի ֆերմերներին տրամադրվող աջակցությունը լինի ոչ միայն թափանցիկ ու թիրախավորված, այլև ցուցաբերվի ճիշտ ժամանակին։ Մեր նախարարությունը պատրաստ է ամեն կերպ օժանդակելու այս ծրագրի շուտափույթ իրականացմանը»,- նշել է փոխնախարար Արման Խոջոյանը։
Ծրագիրն ունի նաև շահառուների, ֆերմերների, կառավարության աշխատակազմի, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման բաղադրիչ` հասարակության իրազեկվածության մակարդակի և գործնական գիտելիքների բարձրացման, արտակարգ իրավիճակներում առաջնահերթ գործողությունների ավելի լավ բացահայտման համար, ինչը թույլ կտա նրանց ավելի սահուն ու արագ կողմնորոշվել ու վերականգնվել ճգնաժամային իրավիճակում:
Ծրագրի շահառուների ընտրության համար կօգտագործվեն հատուկ սահմանված չափորոշիչներ, որոնց համաձայն ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես կանայք, երեխաներն ու տարեցները, ինչպես նաև տեղահանվածներին հյուրընկալող ընտանիքները:
Ծրագրի իրականացման բոլոր փուլերում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը սերտորեն կհամագործակցի ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:
«Ծրագիրը ՄԱԿ-ի՝ հակամարտությանն ուղղված արձագանքման ծրագրի մաս է կազմում և ուղղված կլինի հակամարտությունից տուժած անապահով մարդկանց անմիջական կարիքների ապահովմանը, մասնավորապես, պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը։ Սակայն, բացի վերը նշվածից, առաջիկա գյուղատնտեսական սեզոնին ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ»,- նշել է ՊԳԿ հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Ելեն: