Դեռևս հունվարի կեսին վարչապետի հանձնարարությամբ մեկնել ենք Սյունիքի մարզ՝ Շուռնուխ համայնք, և կատարել նոր կառուցվող բնակարանների համար տարածքի ընտրություն: Այդ մասին Կառավարության նիստում հայտնեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:
Նա տեղեկացրեց, որ արդեն կատարվել են նոր թաղամասի հատակագծման աշխատանքները: «Փետրվարի սկզբին մեկնարկել են նշահարման և նոր թողամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները: Առաջիկայում կսկսվեն 13 նոր բնակելի տների տեղակապման և շինարարական աշխատանքները: Կկառուցվեն նաև անասնագոմեր, տները կցանկապատվեն»,- ներկայացրեց Ղուլարյանը:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի խոսքով՝ առաջին փուլի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ, թաղամասը կբնակեցվի: Ծրագիրն ամբողջությամբ կավարտվի 3 տարում: «2021-ին՝ առաջին փուլում, կկառուցվի 13 տուն, ճանապարհ՝ առանց ասֆալտապատման, 2022-ին՝ երկրորդ փուլում, կկառուցվեն բոլոր ենթակառուցվածքները, 2022-23-ին՝ երրորդ փուլում, կկառուցվեն արտադրական նշանակության շենք-շինությունները: Առաջին երկու փուլերի ֆինանսավորումը կկազմի մոտ 700 մլն դրամ: Նախատեսվում է պահուստային ֆոնդից 2021-ին 470 մլն 270 հազար դրամ հատկացնել Շուռնուխի բնակելի թաղամասի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ տների կառուցման աշխատանքներին պետք է ներգրավվեն մարզի և տարածաշրջանի բոլոր շինարարական և վերահսկող կազմակերպությունները:
Վարչապետը հետարքրքրվեց, թե այս որոշման իրականացմամբ արդյոք ամբողջությամբ լուծվո՞ւմ է Շուռնուխում բնակարանային հարցը, Ղուլարյանը հաստատեց՝ նշելով, որ լուծվում են բնակելի տների կառուցման և անասնագոմերի, ամառային խոհանոցի և ցանկապատերի շինարարության հարցը:
Նա նաև հայտնեց, որ Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ է ստեղծվել, որը ղեկավարում է վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վաղը տեղի կունենա երրորդ միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը Սյունիքի մարզում:
«Այս պահի դրությամբ բնակչությանը հիմնական հուզող հարցը անվտանգության ապահովումն է, որի հետ կապված զինված ուժերի գլխավոր շտաբը, պաշտպանության նախարարությունը և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը աշխատում են և առանձին զեկուցում: ԱԻՆ-ի հետ համատեղ քննարկում ենք Սյունիքի մարզի բնակավայրերում քաղպաշտպանության հենակետերի տեղադրման, Գորիս, Սիսիան ճանապարհահատվածի հետ կապված խնդիրները: Շուռնուխում իրենց տները կորցրած ընտանիքների համար կառուցվում է նոր թաղամաս: Իրենք պետության կողմից աջակցություն կստանան մինչև իրենց բնակարանների կառուցումը»,- ասաց Ղուկասյանը: