Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի մասնագետները, միջազգային փորձագետների, նաև Քաղաքաշինության կոմիտեի հետ մշակել են սեյսմակայուն շինարարության նոր նորմեր: Ի տարբերություն նախորդ փաստաթղթի՝ այս նորմերն անվանել են երկրաշարժադիմացկուն: Աշխատանքը տևել է 1.5 տարի: Շինարարական նորմերը մշակելիս շեշտը դրվել է մարդկանց անվտանգության վրա: Փաստաթուղթը մշակող մասնագետներն ասել են, որ եթե նորմերը պահպանվեն, շենքը կարող է դիմանալ 8-9 բալ երկրաշարժին:
Տիգրան Դադայան (ՃՇՀԱՀ շինարարական կոնստրուկցիաների ամբիոնի վարիչ) - Բացի երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերից, մեր համալսարանը մշակել է ևս երկու կարևոր նորմ, որոնք փոխկապակցված են երկրաշարժադիմացկուն շինարարության նորմերի հետ: Դրանք երկաթբետոնե կոնստրուկցիաների նորմերն են, որ ուժի մեջ են մտել այս տարվա սկզբին, և պողպատե կոնստրուկցիաների նորմերը:
Դավիթ Գրիգորյան (ՃՇՀԱՀ շինարարության ֆակուլտետի դեկան) - Երբ ասում են երկրաշարժադիմացկունություն, հասկանում ենք ինչպես նախագծում, կառուցում, նաև շատ կարևոր է շահագործումը: Այսինքն՝ երկրաշարժադիմացկունությունը ավելի կարևոր է բուն շահագործման ընթացքում: Շահագործումն ամեն քաղաքացու պատասխանատվության արդյունքում է ձևավորվում: