Գյումրեցի կին հրետանավորի և սյունեցի երկրապահների հանդիպումը տեղի ունեցավ Երևանում՝ պատերազմից երեք ամիս անց։ Այն օրից, երբ ավագ լեյտենանտ Ծաղիկ Մխիթարյանը ծանր վիրավորվել ու տեղափոխվել էր հիվանդանոց, զինակիցներին չէր տեսել, անգամ տեղեկություն չուներ նրանց մասին։
Ծաղիկ Մխիթարյան - Ես անընդհատ մտքերով իրենց հետ էի, իմանայի՝ ով է ողջ մնացել, ով՝ ոչ, ու անակնկալի եկա, որ զանգեցին, շատ էի ուրախացել:
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Ես հետաքրքրվել եմ Ծաղիկով, պատահական չի, որ այստեղ եմ, եկել եմ տեսակցության, եկել եմ հասկանամ՝ ինչով կարող եմ աջակցել։
Սյունիքի մարզպետը, որ պատերազմի օրերին ԵԿՄ մարզային կառույցի ղեկավարն էր, առաջնագծում թեժ կռիվներից մեկի ժամանակ նկատել էր, թե ինչպես է երիտասարդ կինը ստանձնել դասակի ղեկն ու վարում մարտը։
Մելիքսեթ Պողոսյան - Որպես դասակի հրամանատար՝ ապրում էր դրանով, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը բարձր էր պահում, 13-14 օր մնաց պաշտպանությունում, մի մետր հետ չեկավ։
Հենրիկ Ասրյան (ԵԿՄ Գորիսի տարածքի նախագահ) - Իր դիրքում է եղել, իր հրամանատարական ոճն այնպես է պահել, որ ոչ մեկը խրամատից անիմաստ դուրս չի եկել, նույնիսկ եթե ուզում էի մի նկատողություն անել, մի հայացք էր գցում, ասում էի՝ ճիշտն ինքն է։
13 օր կռվել է Մեխակավանում և ծանր վիրավորվել հոկտեմբերի 15-ին՝ մարտական առաջադրանքը կատարելիս։ Անգամ այդ վիճակում չհանձնվելու հրահանգ է տվել ինքն իրեն։
Ծաղիկ Մխիթարյան - Երևի էդ պահեց, որ գիտակցությունս չկորցրեցի, զինվորներս էլ ինձ մենակ չթողեցին, դա էն պահն էր, որ կարող էին հենց էդ տեղի վրա կրակել։
Հիվանդանոցում բժշկին հարցրել է՝ ոտքերս կտրելո՞ւ եք: Երբ լսել է բացասական պատասխանը, ժպտալու ուժ է գտել։ Ոտքերն արդեն լավ են, խնդիրը նյարդերի հետ է։ Դա էլ, ասել են՝ ժամանակը կբուժի։ Ծաղիկ Մխիթարյանի մարտական ընկերները կվերադառնան Սյունիք՝ սահմանները պահելու, իսկ նա կխորացնի գիտելիքներն առաջին մասնագիտությամբ՝ քիմիայի ոլորտում։ Բայց, ասում է՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին մեկնել Արցախ: