Վակցինան դաբաղի դեմ է: Երրորդ օրն է՝ անասնաբույժ Ռաֆիկը սկսել է իր բաժին կենդանիների պլանային պատվաստումը: Գոմում իրեն ամենազոր է համարում. գիտի՝ ինչպես առանց բռնելու, անգամ՝ ցուլիկից, արյուն վերցնի, սիստեմա միացնի:
Դաբաղը վարակիչ հիվանդություն է. կենդանուց, շփման միջոցով կարող է նաև անասապահին, մսագործին անցնել: Այնպես որ, դրա դեմ մեր երկրում տարին երկու անգամ խոշոր ու մանր եղջերավորներին սրսկում են, նույնիսկ երբ բաց արոտի չեն հանում, գոմում կապած են: Պատվաստումն այս տարի Գեղարքունիքից է սկսվել, մյուս մարզերը կմիանան երկուշաբթիից՝ տեղեկացնում են ծրագիրն իրականացնող «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնում»: Հայաստանում ընդհանուր՝ հունվարի 1-ի դրությամբ հաշվառված է 599901 գլուխ կով և հորթ: Մանր եղջերավորների քանակը մոտ 666 հազար է:
Գառնիկ Հովհաննիսյան («Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն) - Մանր եղջերավորները նույնպես պատվաստվում են դաբաղի դեմ: 21-ին նախատեսված է 176 հազար միջոցառում խոշորների համար և 218 հազարը՝ մանր եղջերավորների համար:
Հովհաննիսյանը, սակայն, չի բացառում՝ թվերը փոխվեն, որովհետև պատերազմից հետո Արցախից Հայաստան բերված ամբողջ անասնագլխաքանակի տեղը չգիտեն: Սյունիք քշածներին չեն հասցնում գրանցել, վաճառում, Շիրակ-Լոռի են ուղարկում: Ուր էլ տանեն՝ պատվաստումից չթաքցնեք՝ գյուղացիներին հորդորում են մասնագետները:
Գառնիկ Հովհաննիսյան - Քանի որ Արցախից ունենք տեղափոխած կենդանիներ՝ այդ ռիսկը հաշվի առնելով մենակ գոնե պետք է ավելի շատ համագործակցեն մեր անասնաբույժների հետ, որ պատվաստումն իրականացվի:
Դաբաղը վերջին անգամ Հայաստանում գրանցվել է 2016 թվականին Արմավիրի մարզում: Կարանտինի ժամանակ երկրից արգելվում է ոչ միայն ոչխարի, այլև միս-մսամթերքի արտահանումը: Նման իրավիճակից խուսափելու համար է պետությունը պատվաստման ծախսն իր վրա է վերցնում, անասնաբույժի փողն էլ է տալիս, դեղն էլ:
Գառնիկ Հովհաննիսյան - Գյուղացին բացարձակ վճարելու բան չունի մեր անասնաբույժներին՝ ո՛չ մաղարիչ, ո՛չ շնորհակալություն:
Վճարման մասին Գեղարքունիքում չեն խոսում: Արցախից բերած ամենաշատ անասունը հիմա իրենց մոտ է, հավանաբար դրա համար էլ մարդիկ նախկինի պես կենդանիներին մեկումեջ ցույց չեն տալիս: Գյուղեր այցի տպավորությունն է ներկայացնում Մարտունու համաճարակաբանը:
Վարուժան Հակոբյան (Մարտունու տարածաշրջանի համաճարակաբան) - Առաջ չէին թողնում, վախենում էին, իսկ հիմա ժողովուրդը խնդրում է:
Սամվել Սարգսյան (Վերին Գետաշեն համայնքի բնակիչ) - Դաբաղն է, խըշխշն է, սիբիրախտն է, տարեկան ինչքան անասնամիջոցառում հասնում է, էդ մարդիկ անում են ինչ որ պետք է:
Վերինգետաշենցի Սամվելի 5 կովի սրսկումը 5 րոպե տևեց: Հարևանի գոմի համար՝ գրանցամատյանից դուրս, լրացուցիչ տետրում նշում արեցին, որ վերադառնան: