Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում՝ Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով՝ հանրապետությունում հսկիչ դրամարկղային կտրոններով ու հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քանի նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ դրամաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31.4 միլիարդ դրամով»,- նշեց վարչապետը՝ հիշեցնելով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դեռ Քովիդ-19-ը չկար:
Վարչապետը հայտնեց, որ փետրվարի առաջին 15 օրերի ընթացքում էականորեն աճել են արտահանման և ներմուծման ծավալները:
«Հետևությունն այն է, որ տնտեսությունը կարծես թե մտնում է վերականգնման փուլ»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ հույս հայտնելով, որ սպառման ծավալները կվերականգնվեն, քանի որ մեծագույն խնդիրներից մեկը սպառման ծավալների անկումն էր:
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը մանրամասնեց՝ դրամաշրջանառության մասով գրանցված աճը հիմնականում վերաբերում է երեք ոլորտի:
«Սպառման ծավալներն են աճել, արտադրության ու ծառայությունների մատուցման: Իսկ արձանագրված 604 հազար գործարքները հավասարապես վերաբերում են ներկայացված ոլորտներին նույն համամասնությամբ: Հետաքրքիր է այն, որ աճել են և՛ մեծածախ, և՛ մանրածախ ոլորտի, այսինքն՝ 80 տոկոսը վերաբերում է ՀԴՄ կտրոններով իրացման շրջանառությանը, իսկ 20 տոկոսը՝ հաշվարկային փաստաթղթերով իրացման շրջանառությանը: 483 հազար գործարք նույն համամասնությամբ վերաբերում է ՀԴՄ կտրոններին, իսկ ավելի քան 120 հազարը՝ հաշվարկային փաստաթղթերին»,- նշեց ՊԵԿ նախագահը: