Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Բագրատաշեն-Նոյեմբերյան ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
Դժվարանցանելի են Լոռու մարզի Սպիտակի ոլորանները և Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի միջհամայնքային ավտոճանապարհները։ Շիրակի և Տավուշի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սարավան-«Զանգեր» հատվածում, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում (բուք) տեղում է ձյուն։
Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերում տեղումներն առատ են, այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։ Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Ապարան քաղաքում և Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա: