Հայաստանի տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցույց տալիս՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ փետրվարի առաջին 15 օրվա տվյալով դրամաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12 տոկոսով կամ 31 մլրդ դրամով: Փետրվարին էականորեն աճել են նաև արտահանման և ներմուծման ծավալները: Գործադիրն ընդունել է նաև աջակցության մի քանի ծրագիր:
Կառավարությունը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 470 մլն դրամ հատկացրեց Քաղաքաշինության կոմիտեին՝ Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխում բնակելի թաղամասի կառուցման նպատակով: Պատերազմից հետո, սահմանազատման հետևանքով իրենց տներից, օժանդակ շինություններից ու հողամասերից զրկված շուռնուխցիների համար կառուցվող նոր թաղամասի տները պատրաստ կլինեն մինչև տարեվերջ:
Արմեն Ղուլարյան (Քաղաքաշինության կոմիտեի նախագահ) - Ընթացիկ ամսվա սկզբից մեկնարկել են նոր թաղամասի ճանապարհային ցանցի հողային աշխատանքները, առաջիկայում շատ արագ պետք է սկսվեն 13 տների շինարարության աշխատանքները, զուգահեռ անասնագոմերի և ցանկապատման աշխատանքներ:
Ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի 3 տարում: Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարը հայտարարեց, որ մինչև բնակարանները պատրաստ լինեն, շուռնուխցիները կշարունակեն աջակցություն ստանալ:
Ռոբերտ Ղուկասյան (Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի ղեկավար) - Խնդիր կա գյուղատնտեսության և անասնապահության հետ կապված, որովհետև ինչպես հայտնի է՝ մարդիկ դա իրականացնում էին ավելի մեծ տարածքներում, այդ հնարավորությունն այսօր չունեն: Այս ոլորտների ուղղությամբ էկոնոմիկայի նախարարության հետ ակտիվ աշխատում ենք և շատ շուտով կունենանք վերջնական լուծումներ:
Վարչապետն արձագանքեց, թե՝ Սյունիքի հարցերով աշխատանքային խմբի գործունեության արդյունքում անընդհատ կարևոր որոշումներ պետք է լինեն, որոնց իրագործումը տեսանելի ու շոշափելի կլինի մարդկանց կյանքում:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Սյունիքի մարզի մեր հայրենակիցները կզգան, որ Կառավարությունը կանգնած է իրենց կողքին:
Արցախի բոլոր քաղաքացիները, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանց, որոնք չունեն հաշմանդամության կարգ, Կառավարության որոշմամբ ևս 4 ամիս դրամական աջակցություն կստանան: 68 հազար դրամ ամենամսյա միանվագ աջակցությունը ստանալու համար կենսաթոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող անձինք դիմում գրելու անհրաժեշտություն չեն ունենա: Գումարը նրանց կփոխանցվի թոշակի հետ միասին:
Մեսրոպ Առաքելյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար) - Պրոցեսը նախկին միջոցառումների հետ համեմատած պարզեցված է: Մյուս քաղաքացիները, սկսած փետրվարի 25-ից, հնարավորություն կունենան էլեկտրոնային կարգով դիմում ներկայացնել և արդեն մարտի 15-ից սկսած յուրաքանչյուր ամիս այս աջակցությունը կստանան:
Ընդհանուր առմամբ, Հայաստանի Կառավարության որոշումներով արցախահայության աջակցության ծավալը այս պահին կազմում է մոտ 61 մլրդ դրամ, որից բոլոր միջոցառումներով ուղիղ ֆինանսավորվել է 21.5 մլրդ դրամ: Սոցապնախարարը նիստից հետո լրագրողների հետ զրույցում մանրամասնել է, թե արցախցիների քանի տոկոսն է վերադարձել:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ՝ 954 մլն դրամ կուղղվի նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Սկսած տուրիզմի ոլորտից մինչև COVID-ով հիվանդների բուժում, արցախցիների աջակցություն և կոնյակի սպիրտի արտահանման խթանման ծրագրեր: Կառավարությունը 2020 թվականին ցածր տոկոսներով վարկ էր տրամադրել խաղող մթերողներին՝ գինու և կոնյակի արտադրությանն աջակցելու համար: Ծրագիրը նպատակ ունի շղթայական էֆեկտ ստանալ. զարգացնել նաև խաղողագործությունը:
Գյուղատնտեսությանն աջակցող մեկ այլ ծրագրով պետությունը կաջակցի գարնանացան հացահատիկեղենի և երկարամյա մշակաբույսերի սերմացուի հարցում: Սահմանամերձ համայնքների բնակիչների դեպքում կփոխհատուցվի ձեռք բերված սերմացուի 70, իսկ մյուս բնակավայրերի դեպքում՝ 50 տոկոսի գումարը: