Հերթական աշխատանքային այցով այսօր Բյուրեղավան խոշորացված համայնքում էի, որտեղ քննարկել ենք համայնքի ընթացիկ և առաջիկա ծրագրերը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Ընդգծել եմ մարզպետարան-համայնք միասնական աշխատանքի կարևորությունը։ Մեր պետության համար բարդ ժամանակներ են։ Ճիշտ է, համայնքում տեսանելի փոփոխություններ են նկատվում, բայց, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով և պատերազմով, իրավիճակային որոշ փոփոխություններ տեղի ունեցան, շատ ծրագրեր կիսատ մնացին։ Միահամուռ պետք է աշխատենք՝ ստեղծված իրավիճակը հաղթահարելու և քաղաքացիների համար լավ ու բարեկեցիկ համայնք կառուցելու համար։
Խորհրդակցությունից հետո շրջայց եմ կատարել համայնքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որը բացվել է 2020 թվականին, համայնքի քաղաքային պոլիկլինիկայում, որի բակային ամբողջ տարածքը, տանիքն ու բակը վերանորոգվել են 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով: Պոլիկլինիկայի ներքին վերանորոգման աշխատանքների իրականացման համար համայնքն արդեն իսկ սուբվենցիոն ծրագրային հայտ է ներկայացրել։ Բացի այդ, այս տարի բուժհաստատությունը ծրագրում է լիզինգային ծրագրով ձեռք բերել ռենտգեն ախտորոշիչ սարք, սեփական միջոցների հաշվին՝ լաբորատոր սարքեր:
Եղա նաև քաղաքում գործող մանկապարտեզում: Կրթական այս օջախում վերջին տարիներին համայնքի բյուջեով վերանորոգման աշխատանքներ են իրականացվել: Պայմանավորված կորոնավիրուսային համավարակով՝ մանկապարտեզը չէր գործում, այն կվերաբացվի մարտի 1-ից»,- գրել է Մեսրոպյանը։