Կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 2215-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման գործընթաց կազմակերպելու հարցը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնեց, որ այս որոշմամբ մոտ 954 միլիոն դրամ ուղղում են նախկինում կայացրած մի շարք որոշումներով ստանձնած պարտավորությունների կատարմանը: Դրանից 99 միլիոն դրամն ուղղվելու է անցյալ տարի աշնանացան ցորենի սուբսիդավորման ծրագրով ծագած պարտավորությունների մի մասի կատարմանը:
«32.5 միլիոն դրամը հատկացվելու է տուրիստական ոլորտում ընդգրկված տրանսպորտային ընկերությունների 25-րդ միջոցառումն ապահովելու համար: 165 միլիոն դրամ պետք է հատկացվի կոնյակի, սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը 2020 թվականին առաջացած պարտավորությունների կատարմանը: Այստեղ մենք արդեն փոխհատուցել ենք 274 միլիոն դրամ և ևս 165 միլիոն փոխհատուցելու ենք անցած տարվա պարտավորությունները՝ մոտ 4.4 միլիոն լիտր կոնյակի արտահանման խթանմանն ուղղված ծրագրով: 114 միլիոն դրամ կուղղվի պատերազմական գործողությունների ընթացքում քաղաքացիների և զինծառայողների հետ կապված խնդիրների բավարարմանը և 543 միլիոն դրամ էլ կուղղվի կորոնավիրուսով հիվանդ մարդկանց բուժումը, խնամքը և սնունդը ապահովելուն: Սա դեկտեմբերի, հունվարի և փետրվարի պարտավորությունների կատարման ապահովման համար է»,- ասաց Քերոբյանը: