Խորովածի նախապատրաստական աշխատանքներն արված են, կրակը թեժացնելու պահն է: Մանղալի դիմաց Էդգարն է՝ Քաշաթաղից. 44 օր կռվել է Արցախի տարբեր շրջաններում, նոյեմբերի 9-ին տեղափոխվել Շաքի՝ կնոջ ու 3 երեխայի մոտ: Տանը պարապ նստել չի կարող, պետք է աշխատի: Մասնակցում է արցախցիների զբաղվածության խնդիրը լուծելու համար կառավարության նախաձեռնած եռամսյա ծրագրին:
Էդգար Արզումանյան (ծրագրի մասնակից) - Նախկինում չեմ աշխատել որպես խոհարար, հիմա 2 ամսով սովորում եմ ստեղ, որպես խոհարար, հետո 2 ամիս հետո միգուցե հենց ստեղ էլ կաշխատեմ:
Խորոված անելով Էդգարը չի սահմանափակվում, սովորում է նաև նոր խորտիկների պատրաստման գաղտնիքները: Գործը հավանել է, հաճույքով է աշխատում:
Էդգար Արզումանյան - Շատ համով ա, կողքից էլ են ասում լավն ա, եթե լավը չլինի՝ չեն պատվիրի կամ կդժգոհեն:
Ծրագրի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, փորձի ձեռքբերման աշխատանքը կփոխարինվի հիմնականով: Մինչև աշխատողը կհմտանա, գործատուն էլ կկողմնորոշվի, պետությունը երկու կողմին էլ աջակցում է: Աշխատանքային փորձ ու մասնագիտացում ձեռք բերելու ընթացքում արցախցին ամսական 100000, իսկ գործատուն՝ սովորեցնելու համար 34000 դրամ է ստանում:
Գագիկ Խաչատրյան (սննդի կետի տնօրեն) - Մենք լավ խոհարարների կարիք միշտ ունենք: Եթե էլի մարդիկ լինեն, որ կարող ենք ինչ-որ բանով օգնել, ուրախ կլինենք: Արցախից եկած լինելը ստիմուլ է, որովհետև սաղս էլ պետք ա ինչով կարողանում ենք, ում կարողանում ենք օգնենք:
Կառավարության այս ծրագրին կարող են դիմել պատերազմի պատճառով տեղահանված, գործազուրկի կարգավիճակ ունեցող և Հայաստանում բնակվող արցախցիները:
Ժորա Սարգսյան (ՀՀ ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ) - Այս պահի դրությամբ ունենք 1580 հաշվառում՝ օնլայն հաշվառում, որից 1306-ին արդեն տրվել է գործազուրկի կարգավիճակ: 1306-ից 757-ը ցանկացել են ներգրավվել պրակտիկայի ծրագրում:
Աշխատաշուկայում պահանջարկը տարբեր է՝ խոհարար, ուսուցիչ, հաշվապահ, վաճառող, եթե հաստիքները համալրել ցանկացող արցախցի կա, անմիջապես պետական կառույց - գործատու - քաղաքացի եռակողմ պայմանագիր է կնքվում: Աշխատանքային փորձի ծրագրից բացի, զբաղվածության ապահովման ևս մեկ ծրագիր կա՝ մասնակցություն վարձատրվող հասարակական աշխատանքներին:
Ժորա Սարգսյան - Այս ծրագրով ևս նախատեսվում է արցախցիներին ներգրավել որոշ համայնքներից ստացված աշխատանքներում: Բարեկարգման աշխատանքներ համայնքներում՝ պուրակների, այգիների, ճամփեզրերի և այն աշխատանքները որոնք բարձր որոկավորում չեն պահանջում, լցնում են իրենց առօրյան:
Այս ծրագրին մասնակցողները կվարձատրվեն օրական 8000 դրամով, ներառյալ՝ հարկերը: Զբաղվածության երկու ծրագրերն էլ կարճաժամկետ են՝ 2-3 ամսով:
Ժորա Սարգսյան - Դիմել են 226 հոգի, որ ցանկանում են ծրագրից օգտվել, այս պահի դրությամբ 1 ծրագիր արդեն մեկնարկել է, որում ընդգրկվել է 5 հոգի՝ Դիլիջանում դպրոցի բարեկարգման աշխատանքներ են կատարվելու:
Համայնքներից շատերում ակտիվ աշխատանքը մարտից է սկսվում, հենց այդ ժամանակ էլ շահառուների թիվը կավելանա՝ վստահ է աշխատանքի և զբաղվածության վարչության պետը: