Լրագրող և գրող Սերդար Քորուջուի «Սանջակի անկումը» և «Ժողովրդի երթը» գրքերը Ստամբուլի «Արաս» հրատարակչատան հետ համագործակցության արդյունքում փետրվարին ներկայացվեցին թուրքերեն ընթերցողների դատին։ Ընդհանուր 1500-ական տպաքանակով տպագրված գրքերը ներկայացնում են Ալեքսանդրետի սանջակի կամ մերօրյա Հաթայի շրջանի հայերի գաղթը 1930-1940-ական թթ.։ Աշխատություններն ընթերցողների շրջանում դրական գնահատականի են արժանացել: «Ժողովրդի երթը» գրքում հեղինակը փորձել է վերհանել և ներկայացնել Թուրքիային կցվելուց հետո տեղի հայերի հիշողությունները։ «Սանջակի անկումը» գիրքը կենտրոնանում է դեպքերի արտացոլմանը լրատվամիջոցներում։
Սերդար Քորուջու (լրագրող) - Հաթայն այժմ Թուրքիայի սահմաններում է, սակայն ժամանակին անկախ պետություն է եղել կամ գտնվել է Ֆրանսիական մանդատի տակ, որտեղ հայերն անհոգ կյանք են վարել։ Այն Թուրքիայի հարավում գտնվող քաղաք է և առաջին հայացքից ոչնչով չի տարբերվում 81 քաղաքներից։ Այն օրակարգ մտավ սիրիական պատերազմի հետ մեկտեղ, քանի որ գլխավորում է ամենաշատ ներգաղթ ունեցող քաղաքների ցանկը։ Այսօր էլ փախստականների թվաքանակը մեծ է։
Ալեքսանդրետի՝ Թուրքիային կցվելու պատմությունը հետաքրքրական է։ 1939 թ. պատերազմի նախաշեմին Թուրքիան, օգտվելով փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակից, իրեն է կցել շրջանը։ Դրա հետևանքով ընդհանուր բնակչության 11 տոկոսը կազմող տասնյակ հազարավոր հայեր ստիպված են եղել հեռանալ։
Սերդար Քորուջու - Շատերի, գրեթե բոլորի համար գաղթի առաջին կանգառն Այնճարն է։ Այնուհետև ոմանք՝ Հայաստան, ոմանք՝ Ֆրանսիա, արևմտյան երկրներ են տեղափոխվում։ Եվ այդպիսով՝ ցրվում են։ Սա 30-ականներին Միջին Արևելքի փախստականների ճգնաժամերից մեկն է։ Ցանկությունս էր գոնե գրի առնել այս ամենը։
Գրքերի համար պատմությունների հավաքման առաջին կանգառը եղել է Մուսա լեռը։ Սերդար Քորուջուն նշում է, որ մարդիկ իրեն շատ լավ են ընդունել, պատրաստակամորեն օգնել են նաև կապ հաստատել Երկրորդ համաշխարհայինի տարիներին Հաթայից կամ Ալեքսանդրետից Լիբանան, Հայաստան, Ֆրանսիա գաղթած հայերի, նրանց ազգականների հետ։ Հեղինակի ընկերները զգուշացրել են, թե Այնճարում նրան կարող է լավ չընդունեն, քանի որ հայ չէ։
Սերդար Քորուջու - Ոչ մի խնդիր չունեցա։ Բոլորն էլ իրենց դռները բացեցին իմ առաջ, օգնեցին՝ ինչքան կարող էին։ Ե՛վ հաստատությունները, և՛ անհատներն օգնություն ցուցաբերեցին։ 101 տարեկան տատիկն անընդհատ գրկում էր ինձ և խնդրում Ստամբուլին բարևներ փոխանցել։ Այս ամբողջ ընթացքը շատ տպավորիչ էր։
Գրողը եղել է նաև Հայաստանում։ Այցելել Զվարթնոց, Մուսա լեռ գյուղ, Մալաթիա-Սեբաստիա: Նրա համար այդ շրջաններում գտնվելը, ընտանիքներին այցելելը շատ տպավորիչ են եղել։ Դեպի Հայաստան գաղթած որոշ հայեր նույնիսկ մտաբերել են թուրքերեն բառեր: Ցեղասպանությունից հետո՝ արդեն 1940-ականներին, դեպի Եվրոպա գաղթի ճանապարհ բռնածներն ավելի զուսպ են եղել, չեն ցանկացել խոսել այդ մասին, քանի որ Հայոց ցեղասպանությունը վերապրածներն ավելի մեծ դժվարություններ են տեսել։ Սերդար Քորուջուն վստահ է, որ գաղթի այդ նոր ալիքը շատ կարևոր է: Նա Ալեքսանդրետի հայերի խորհրդանշական գաղթը համեմատել է մեր օրերում արցախահայերի ստիպողական գաղթի հետ՝ շեշտելով, որ անգամ պատկերներն են նմանօրինակ։
Սերդար Քորուջու - Ողբերգականն այն է, որ կրկին հայերի գաղթին ականատես եղանք։ Իհարկե, նույն պայմանները չեն, իրավիճակը տարբեր է, սակայն նորից տարածաշրջանում կշիռների փոփոխության, աշխարհի մասնակի լռության, դիտորդի կարգավիճակում մնալու պատճառով մարդիկ ստիպված եղան դատարկել, դուրս գալ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի գյուղերից:
2018 թ. հրատարակված «Հալեպահայերը» գրքից հետո «Սանջակի անկումը» և «Ժողովրդի երթը» գրքերի հեղինակ թուրք լրագրող Սերդար Քորուջուն այսքանով չի սահմանափակվում և շարունակում է աշխատել մեր օրերում արդիական դարձած այլ նախագծերի ուղղությամբ։