Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի գրողների միության Գեղարքունիքի մարզային բաժանմունքի ղեկավար, «Հայաստան» ամսագրի խմբագիր, գրող, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանին, արձակագիր Ներսես Խառատյանին, գրականագետ, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանին, հայրենագիտական նշանակության մի շարք գրքերի հեղինակ Իլյիչ Նավասարդյանին։
Ինչպես հանդիպման սկզբում ներկայացրել է Տիգրան Նիկողոսյանը՝ հանդիպման մասնակից գրողները Մարտունու ավագ դպրոցում հանդիպում են ծրագրել ուսուցիչների և աշակերտների հետ, որը նվիրված է Մայրենի լեզվի և գրքի նվիրատվության օրվան։
Ըստ Տիգրան Նիկողոսյանի՝ Հայաստանի գրողների միությունը «Մանկապատանեկան գրքի շաբաթ» ծրագրի շրջանակներում նախատեսում է արդի հայ գրողների մասնակցությամբ հանդիպումներ կազմակերպել մարզի հանրակրթական դպրոցներում։
«Ձգտում ենք այնպես անել, որ ժամանակակից գրողները հյուրընկալվեն դպրոցներում, դպրոցականներն անձամբ գրողների հետ շփվելու, նրանք գրականությանը մոտիկից ծանոթանալու հնարավորություն ունենան։
Պետք է համատեղ ուժերով անել հնարավորը, որպեսզի աշակերտների մոտ ոգևորություն առաջանա գրքի և ընթերցանության նկատմամբ։ Հանդիպումներին կմասնակցեն ճանաչված գրողներ, ովքեր դպրոցների գրադարանները կհարստացնեն իրենց հեղինակած գրքերով։
Նախատեսում ենք նման կարգի հանդիպումներ կազմակերպել նաև մարզի տարածքում տեղակայված զորամասերում՝ մեր զինվորների ու հրամանատարների հետ ծանոթանալու, նրանց քաջալերելու, մեր բանակի մղած հերոսամարտերի դրվագները հավերժացնելու նպատակով»,- ներկայացրել է Տիգրան Նիկողոսյանը։
Մարզպետ Գնել Սանոսյանը կարևորել է Հայաստանի գրողների միության նախաձեռնությունը և վստահեցրել, որ այն ամենալայն աջակցությունը կգտնի Գեղարքունիքի մարզպետարանի կողմից։
«Կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքի դեպքում կկարողանանք ցանկալի արդյունքներ քաղել։ Մերօրյա բոլոր մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած է մեր հայրենիքը, մեզ հուշում են, որ մեր գլխավոր խնդիրներից մեկը կրթության ոլորտում նկատված բացն է։
Մենք պետք է ուժեղանանք ու մեր կորուստները հետ բերենք, առաջին հերթին, կրթության, սերունդների հոգում ազգային արժեքներ ու հայրենասիրություն արմատավորելու միջոցով»,- նշել է Սանոսյանը։
Հանդիպման մասնակիցները Մայրենի լեզվի և գրքի նվիրատվության օրվա առիթով իրենց հեղինակած գրքերից օրինակներ են նվիրել մարզպետ Գնել Սանոսյանին։