Փետրվարի 15-ին, ժամը 11.45-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում է ստացվել, որ «ազդրի ծակած-կտրած վերք, գլխի սալջարդ, ճակատի քերծվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գանձակ գյուղի բնակիչ, 18-ամյա մի տղա: Հիվանդանոցում նա հայտնել էր, որ իրեն դանակահարել է անհայտ անձը:
Գավառի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում, Գավառի Ազատության փողոցի գետնանցումում ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել էր 19-ամյա մի երիտասարդ:
Ահազանգից մեկ ժամ չանցած՝ Միդեյի դար կոչվող տարածքից նա բերման է ենթարկվել Գավառի բաժին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և վերցվել է: Նշանակվել է փորձաքննություն: Վեճի շարժառիթն ու դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: