Բուհակենտրոն ու ուսանողակենտրոն՝ այսպես են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում որակում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը:
Սամվել Կարաբեկյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական) - Ուսանողին վերջապես ներգրավում ենք ուսումնական պրոցեսի մեջ, ինչը մինչ օրս չկար:
Օրինագիծը հեղափոխական է, կլուծի ոլորտի բազում կնճռոտ հարցեր՝ նշում է Կարաբեկյանը, իսկ ընդդիմախոսները նշում են, թե այն բազմաթիվ հարցեր է առաջացրել:
Վահե Հովհաննիսյան (ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ) - Ոչ միայն չեն ապահովվում այս սահմանադրական և կարևորագույն սկզբունքները, այլև հակառակ տրամաբանությամբ գործող կառուցակարգեր են ներդրվում:
Նախարարությունից հակադարձում են՝ բուհերին երբեք այսքան արտոնություններ չեն տրվել: ԵՊՀ ուսանողական խորհրդում էլ հարցեր են առաջացել կառույցի հետագա աշխատանքի մասով:
Դավիթ Ափոյան (ԵՊՀ ՈՒԽ նախագահ) - ԱԺ պատգամավորներից մեկը հայտարարում է, որ «ուսանողական խորհուրդ» տերմինը առհասարակ հանված է, մինչդեռ երբ մտնում ենք ԱԺ կայք, «Նախագծեր» բաժնում օրենքի նախագծում «ուսանողական խորհուրդ» տերմինը կա, սահմանումը կա:
Ուսանողական խորհուրդներ կլինեն, բայց ոչ մեկը, այլ բուհն իր ներսում կորոշի՝ քանի՛ ուսանողական մարմին է իրեն անհրաժեշտ՝ նշեց պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ հավելելով՝ դրանով քաղաքական վերահսկողությունը ուսանողական խորհրդների նկատմամբ կվերանա:
Հովհաննես Հովհաննիսյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մենք ունեինք նաև ուսանողական այլ կառույցներ, որոնք օրենքով կարծես թե դուրս էին մնացել... Մենք դրեցինք «Ուսանողական ինքնակառավարման մարմիններ» առավել ընդհանուր դրույթ և այդ լիազորությունը տվեցինք բուհերին:
Նախագիծը հարվածի տակ է դնում ուսանողական ինքնակառավարումը՝ նշում է Ափոյանը: Օրենսդիրից հակադարձում են՝ ուսանողական ինքնակառավարմանը ուղղակի միջամտություն էր, երբ կանոնադրությունը հաստատում էր նախարարությունը, հիմա դրանով կզբաղվի բուհի ակադեմիական խորհուրդը, որի 25 տոկոսը ուսանողներ են: Նոր նախագծով ուսանողը կորոշի իր ուսումնառության տեմպն ու ժամկետները, առկա և հեռակա ուսուցման ավանդական համակարգին փոխարինելու կգա լրիվ ու մասնակի բեռնվածության համակարգը:
Սամվել Կարաբեկյան - Ուսանողն ազատ է ընտրել այս կիսամյակում որոշակի առարկաներ, որոշակի առարկաներ թողնել մյուս կիսամյակ:
Ուսանողը կարող է իրեն հետաքրքրող դասընթացը ստանալ այլ ֆակուլտետներում, անգամ ՝ այլ բուհերում՝ հայտնում են նախարարությունից: Բայց բուհերի կառավարման խորհուրդներում ուսանողների թիվը նվազագույնի է հասցվում՝ առարկում են ուսանողները:
Ուսանողների համար կրթության հետ կապված խնդիրները քննարկելու հարթակ կա, որն ակադեմիական խորհուրդն է, այլ հարցեր նրան պետք է չանհանգստացնեն՝ նշում են նախարարությունում:
Սամվել Կարաբեկյան - Շատ երկրներում, ուսանողները եթե նույնիսկ ներկայացված են այս կամ այն մարմիններում, կադրային հարցերը քննարկելիս նրանց ձայնն ունի խորհրդակցական բնույթ:
Նախկինում բուհերի կառավարման խորհուրդները կազմված էին 24-32 անդամից: 25 տոկոս համամասնությամբ ներկայացուցիչներ ունեին կառավարությունը, լիազոր մարմինը, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողությունը: Նոր նախագծով անդամների թիվը 9 է, որից 5-ին նշանակում է լիազոր մարմինը՝ նախարարությունը, իսկ 4-ին՝ բուհի ակադեմիական խորհուրդը:
Բուհերից առարկում են, որ նախագծով կառավարման խորհուրդներում համամասնությունը խախտված է:
Վահե Հովհաննիսյան - Ստացվում է՝ եթե նախարարը նշանակում է կառավարման խորհրդի անդամների մեծամասնությանը, ապա մենք գործում ենք դասական նշանակովիության հետ:
Նախագծով բուհի ռեկտորը ընտրվում է ընտրանքային կարգով: Ընտրանքային փուլին փակ և գաղտնի քվեարկությամբ մրցույթը հաղթահարած մինչև 3 թեկնածու խորհրդի որոշումով կառաջադրվեն նախարարության հաստատմանը:
Հովհաննես Հովհաննիսյան - Բազմաթիվ քննարկումներ ենք արել, հնչել են տարբեր կարծիքներ, որ ճիշտը ուղիղ նշանակմամբ առաջնորդվելն է հանրային բուհերի դեպքում, որովհետև հիմնադիրը պետությունն է, պետությունը պատասխանատվություն է կրում ուսման որակի համար, ամբողջ գույքը պատկանում է պետությանը, և պետությունը ֆինանսավորում է մի մասը: Կարծիք կար, որ այն չափով, որ չափով ֆինանսավորում է, այդքան պետք է մասնակցեր:
Նախագծի երկարաժամկետ նպատակն այն է, որ դասախոսին կամ ուսանողին հետաքրքիր չլինի՝ ո՛վ է կատարում բուհի ղեկավարի մենեջերային աշխատանքները: Բուհերին տրվում են մեծ հնարավորություններ, որոնց իրականացման դեպքում ապագայում կքննարկվի կառավարչական ֆունկցիաները բուհին ամբողջությամբ փոխանցելու հարցը: Օրինագիծը խորհրդարանում ընդունվել է առաջին ընթերցմամբ: