Ոստիկանության Մուշի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Կարեն Մանուկյանը ոստիկանության համակարգում էր շուրջ 23 տարի։
1997-ին զորացրվել էր բանակից ու նույն թվականին ծառայության անցել ոստիկանության Գյումրիի բաժնում՝ սկզբում որպես միլիցիոներ, այնուհետև՝ անչափահասների գործերով բաժանմունքի օպերլիազոր։ 2018 թվականից նույն բաժանմունքի պետն էր։
«Երևի մարդու լավագույն հատկանիշներից են խիզախությունն ու հայրենասիրությունը։ Մեր տղաները, որոնք զոհվեցին այս պատերազմում, իրենց կյանքով ապացուցեցին դա։ Ուրեմն, Կարենին կարելի է ներկայացնել երկու բառով՝ խիզախ ու հայրենասեր»,- ասում է ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը։
Ծառայակիցները նշում են, որ Կարենը բանակցելու հմտություններ ուներ։ Ինքնասպանության փորձերի վերաբերյալ ահազանգերի դեպքում հիմնականում ինքն էր մեկնում դեպքի վայր, և ինքնասպանության փորձը ողբերգական ավարտ չէր ունենում։
Կարեն Մանուկյանը, լինելով պրոֆեսիոնալ ոստիկան, իր փորձն էր փոխանցում ոստիկանություն նոր ընդունվողներին։ Իսկ երբ հայրենիքը նրա կարիքն ուներ, մեկնեց Արցախ: Կարեն Մանուկյանը հոկտեմբերի 4-ին անմահացավ Շուշիում։
Կարեն Մանուկյանն ու ծառայակից ընկերները զոհվեցին հանուն հայրենիքի ու հայ ժողովրդի, որ բոլոր ընտանիքներում լինեն ոչ թե հիշատակի անկյուններ, այլ տոնախմբություններ։