Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջիյանին՝ 70-ամյա հոբելյանի առիթով:
«Հարգելի΄ Միքայել Գրիգորիի, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով: Այդ տարիները Ձեր և մեր հարստությունն են, քանի որ Դուք, լինելով բարձրակարգ լրագրող, մեծ ներդրում եք ունեցել Արցախի լրագրողական համայնքի կայացման գործում: Երկար տարիներ ղեկավարել եք խորհրդարանի լրատվական ծառայությունը: Եղել եք ռադիոյի ադրբեջանական ծառայության հիմնադրման ակունքներում, որը և ղեկավարում եք այսօր:
Արցախին պատուհասած պատերազմներն անդառնալի ու վշտալի սուրհանդակներ են ուղարկել հայ ընտանիքներ: Ցավոք, այդ վշտին հաղորդակից եղավ նաև Ձեր ընտանիքը, այն էլ՝ երկակի: Սակայն, դեռևս կանգնած լինելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում և Արցախին վիճակված ճակատագրի կերտման ճանապարհին, դուք ամենայն տոկունությամբ և զսպվածությամբ շարունակում եք Ձեր ամենօրյա նվիրվածությամբ ապրել ու արարել հանուն Արցախի:
Թող Ձեր զավակների չապրած տարիները վայելեն Ձեր թոռները, որոնք, թերևս, պապիկի միակ մխիթարանքն ու նեցուկն են: Ձեզ հաջողվել է ապրել ու արարել, լույսի ու հավատի կանթեղներ վառել: Լրագրողի ստեղծագործ ու բեղուն Ձեր գործունեությամբ, մարդկային լուսավոր կերպարով, ազգային վառ ու առաքինի նկարագրով հանրության համար դարձել եք հարգելի ու ակնածանքի արժանի կերպար:
Ապրե'ք երկար, ապրե'ք ստացածն աշխարհին վերադարձրած մարդու հոգեպարար ինքնազգացումով, որովհետև այն, ինչ կերտել եք, մարդու և աշխարհի հանդեպ տածած ազնիվ սիրով էր ու թող կրկնակին հատուցվի Ձեզ»,- ասել է Թովմասյանը: