Ամիսներով, տարիներով հնարավոր չէ փակ պահել սահմանները, իսկ ճամփորդելու համար անհրաժեշտ է թեստավորում անցնել: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Դա, իհարկե, ֆինանսական որոշակի բեռ է քաղաքացիների համար, սակայն այն միակ պայմանն է, որով հնարավոր է հատել սահմանը և, ընդհանրապես, բաց պահել աշխարհի հետ մեր երկրի սահմանները: Վստահեցնում եմ՝ թեստավորումը որևէ բիզնես ենթատեքստ չունի»,- ընդգծեց նախարարը:
Ինչ վերաբերում է դիմակ կրելուն, Ավանեսյանն ասաց, որ Հայաստանում դիմակ կրելը պարտադիր է, կանոններում ոչինչ չի փոխվել, և պարտադիր չէ, որ լինեն վերահսկողություն, տուգանքներ, որպեսզի քաղաքացիները դիմակ կրեն:
Անդրադառնալով մարմինների ԴՆԹ անալիզին՝ Ավանեսյանը նշեց, որ սպասողների թիվը փոքրացել է, գործընթացը մոտենում է ավարտին: Աշխատելով 24/7 ռեժիմով՝ հնարավոր է լինում ամեն օր նույնականացնել 30-33 հոգու: