Գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է երրորդ նախագահի հայտարարությունները՝ «Լուրերին» փոխանցեցին իրավապահ կառույցից։ «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված ծավալուն հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել իշխանության հասցեին, պնդել, որ պատերազմի օրերին` երկու երեք անգամ թանկ գնով՝ հատը 600 դոլարով, զրահաբաճկոններ են գնվել։ 2,5 տարի առաջ պետական կառավարման համակարգից դուրս եկած Սարգսյանի ասածի հավաստիությունը ճշտել միանշանակ պետք է՝ համոզված է նաև ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։
Անդրանիկ Քոչարյան, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ - Նա ցույց տվեց, որ տիրապետում է այդ համակարգին: «Պատրոն Դավոն» հո օդից չի՞ եկել, բայց ասաց բաներ, որ դատախազությունը պետք է ճշտի:
Երրորդ նախագահը, որը 10 տարի գերագույն հրամանատարն էր, իր հարցազրույցում պնդեց՝ բանակն իրականում թալանվել է պատերազմից առաջ ու դրանից հետո։ Փակագծեր չբացելով՝ խոստացավ այդ մասին խոսել իշխանափոխությունից հետո, նաև հայտարարեց, որ իր օրոք ոչ մի բան իրական արժեքից մի կոպեկ թանկ չի գնվել։ Սարգսյանի այս պնդման ֆոնին Անդրանիկ Քոչարյանը հիշեցնում է՝ տարիներ շարունակ բանակին զենք մատակարարող հիմնական անձանցից մեկի՝ Դավիթ Գալստյանի կալանավորումը, որն այժմ անցում է ԱԱԾ-ում հարուցված միանգամից 4 քրեական գործով՝ մեղադրվում մատակարարման պրոցեսում մի քանի միլիոն դոլար չարաշահում թույլ տալու, հին՝ բնութագրին չհամապատասխանող հրանոթի տրամաչափի կրակոցներ վաճառելու մեջ։ Այս գործով, ի դեպ, անցնում են ՊՆ և գլխավոր շտաբի պաշտոնյաներ ևս։
Հեղափոխությունից հետո բանակում զինվորին ելակ տալու փաստը հեգնող Սարգսյանն իր մերձավորներին էր դարձրել բանակին նաև սնունդ մատակարարող՝ ասում է Քոչարյանը, շեշտում՝ տարիներ շարունակ կայացված գործարքները պետք է ուսումնասիրվեն:
Քոչարյանն ասում է՝ Սարգսյանի կառավարման օրոք՝ Ապրիլյանից հետո հատկապես, նախկին իշխանությունն, իհարկե, մտածել է սպառազինությունը զարգացնելու ուղղությամբ, բայց շոշափելի քայլեր չի արել, նկատում՝ մինչդեռ Ադրբեջանը լայնածավալ պատերազմին 20 տարի շարունակ է պատրաստվել։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ երրորդ նախագահը հերքեց նաև լուրերը, որ Արցախի հարավային ուղղությամբ չեն կառուցվել երկրորդ և երրորդ պաշտպանական գծեր։ Եթե եղել են այդ գծերը, ապա ինչպե»ս 44 օրյա պատերազմի ընթացքում հակառակորդը ճեղքեց հենց այդ ուղղությունը՝ հարցում է Քոչարյանը։
Պաշտպանության հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ Սարգսյանը մեծ սխալ թույլ տվեց՝ խոսելով նաև 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում Հայաստանի Զինված ուժերի ռեսուրսն օգտագործելու մասին։ Պնդում՝ գաղտնիության ռեժիմը խախտելով՝ նախկին նախագահը վտանգավոր տեսակետներ է հայտնել՝ հստակ իմանալով իր ասածի հետևանքները։
Սարգսյանն այսպես բացատրեց անցած տարվա ապրիլի 16-ին քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի հրավերով խորհրդարան գնալը: Քննիչ հանձնաժողովի նախագահն ասում է՝ Սարգսյանին հրավիրել են, նա էլ եկել է, չգնալ չէր կարող, քանի որ հարցերի մի մեծ փաթեթ կմնար նրա ուսերին։ Քոչարյանը հիշեցրեց նաև՝ դռնփակ նիստց հետո նախկին նախագահը լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ ճիշտ որոշում է ընդունել՝ գալով հանձնաժողով և ուրախ է, որ կարողացել է տեղեկություններ հայտնել պատերազմի հանգամանքների մասին։
Քոչարյանն արձագանքում է նաև Սարգսյանի այն պնդումներին, թե քառօրյանի ժամանակ Ադրբեջանն է հրադադար խնդրել՝ Ռուսաստանի միջոցով: Այս պատերազմն էլ պետք է անաչառ ուսումնասիրություն անցնի՝ ասում է Քոչարյանն ու հավելում՝ բայց ոչ հիմա, փաստերն առանց հույզերի ու քաղաքական շահարկումների հավաքելը հանդարտ պայմաններ է ենթադրում։