Հրաշալի երիտասարդներ ունենք: 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողներին հավաստագրերը հանձնելով՝ այսպես նրանց բնորոշեց մեր երկրի կրթական գերատեսչության ղեկավարը:
Հանրապետության 16 բուհից հաղթող է ճանաչվել 38 ուսանող՝ ըստ 7 հոսքային ուղղության: Առաջին և երկրորդ հորիզոնականներում 13, 3-րդում էլ՝ 12 հաղթող կա. բոլորն էլ կրթաթոշակ կստանան: Մհերը ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետում է սովորում, առաջին հորիզոնականը զբաղեցրած մրցանակակիրներից է, նաև գիտական ակտիվություն է ցուցաբերել:
Մհեր Խաչատրյան, ԵՊՀ ուսանող, առաջին մրցանակ - Զբաղվել եմ աստղաֆիզիկայով, տպագրված հոդվածներ ունեմ, որն ավելի մոտեցրեց մրցանակին: Հետևաբար, բոլոր ուսանողներին խորհուրդ եմ տալիս, որ սկսած բարձր կուրսերից զբաղվեն գիտական ակտիվություններով:
Գոհար Քոլոզյան, ՀՊՄՀ ուսանողուհի, երրորդ մրցանակ - Գիտելիքն այսօր այն զենքն է, որով մենք կարողանալու ենք մեր հայրենիքը շենացնել և ավելի հզորացնել:
Նախարարը շեշտում է՝ միտքն ամենահզոր զենքն է, այս մրցույթն էլ լրացուցիչ հնարավորություն է նորովի արժևորելու կրթության կարևորությունը: Վահրամ Դումանյանը վստահ է՝ մրցակցությունը կնպաստի որակական առաջընթացին, նաև կարողությունների բացահայտմանը:
Վահրամ Դումանյան, ԿԳՄՍ նախարար - Այս միջոցառումը շատ կարևոր է: Ի վերջո, հանրագումարի է բերվում ինչ-որ մի փուլ գործունեության և կենտրոնում մեր հրաշալի ուսանողներն են: Ուսանողները պետք է վստահ լինեն, որ իրենք ճիշտ ուղու վրա են, որ այդ ուղին տանում է դեպի առաջ, դեպի հզորացում:
Մրցութային հանձնաժողովի նախագահն էլ շեշտում է՝ մրցունակ երիտասարդություն ունենք, ընտրություն կատարելն իրենց համար իսկապես բարդ էր:
Արթուր Մարտիրոսյան, ԿԳՄՍ նախարարի տեղակալ - Կիրթ և կարողունակ ազգ ունենալը դա մեր տեսլականն է, մեր պաշտպանության լավագույն միջոցն է, այդ թվում՝ նաև արտաքին մարտահրավերներից: Հիմա առավել կարևոր է ընդգծել գիտելիքի ուժը:
Միջոցառմանը նաև ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ուսումնարանների ու քոլեջների ուսանողները ներկայացրին իրենց աշխատանքները: Նախարարությունում համոզված են՝ այս երիտասարդության շնորհիվ պետության ապագան հուսալի ձեռքերում է: