Կառավարության այսօրվա նիստին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ կոնյակի սպիրտի արտահանման տուրքի փոխհատուցմանը՝ նշելով, որ այս տարվա համար հատկացվել է արդեն 900 միլիոն դրամ, որը 9 միլիոն լիտր կոնյակի սպիրտի արտահանման խթանմանը ուղղված ծրագիր է:
«Սա շատ կարևոր ծրագիր եմ համարում, որը ունի շղթայական էֆեկտ մինչև խաղողագործություն ու գյուղատնտեսության զարգացում»,- նշեց նախարարը:
Վարչապետն էլ հետաքրքրվեց՝ կարո՞ղ են արձանագրել, որ ծրագիրը իրենց առջև դրված խնդիրը լուծում է:
«Նկատել եք, որ արդեն երկու տարի է՝ խաղողագործները ճանապարհներ չեն փակում, խաղող չեն թափում, այնուհանդերձ, հաշվի առնելով անցած տարվա խիստ ծանր վիճակը կոնյակի ու գինու արտահանման հարցում, կոնյակի սպիրտի այս ծրագիրը հույժ կարևոր է եղել, որպեսզի մենք կարողանանք մթերման ամբողջականությունն ապահովել ու չթողնել, որ մեր գյուղատնտես գործընկերները լուրջ խնդրի առջև կանգնեն»,- նշեց նախարարը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ նախորդ տարվա խաղողի մթերման գործընթացում խրախուսական գործիքներ էին մշակել, մասնավորապես՝ սուբսիդավորումը: Նրա խոսքով՝ խաղող մթերողները ընդհուպ մինչև տարայի խնդիր ունեին:
«Իրացումը նվազել էր, և, ըստ այդմ, խաղողի մթերման պարագայում հետագայում իրացման խնդիրը բարձրացվում էր որպես հիմնական պրոբլեմ: Սա հավելյալ գործիքն էր, որ ամբողջ շղթան աշխատի, և, կարծում եմ՝ աշխատեց: Ծանր ժամանակաշրջանում խաղողի մթերման հետ կապված խնդիրը լուծվեց նաև այս գործիքով»,- նշեց Գրիգորյանը:
Էկոնոմիկայի նախարարն արձագանքեց՝ մթերումը վերահսկելու լուրջ խնդիրներ են առաջացել, և արդեն թվային մեթոդների կիրառման անհրաժեշտություն կա գործընթացի մոնիթորինգի հարցում:
«Արդեն երեք մարզում ավարտված է խաղողի տնկարկների քարտեզագրման գործընթացը: Նախատեսում ենք այս տարի մյուս երկու մարզերում ևս ավարտել, որի արդյունքում կունենանք ամբողջական պատկեր խաղողի տնկարկների մասով և բջջային հավելվածի միջոցով կկարողանանք արդեն փակել այն շղթան, որի միջոցով կկարողանանք վերահսկել խաղողի մթերումն ամբողջությամբ»,- նշեց նախարարը: