ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի ճեպազրույցի ժամանակ Հանրային հեռուստաընկերության լրագրող Մերի Եգորյանը երկու հարց է ուղղել Մարիա Զախարովային:
Առաջին հարցում մասնավորապես ասվում է.
Թուրքական աջ ծայրահեղական ազգայնական կուսակցությունն ու նրա առընթեր նեոֆաշիստական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը հայտարարել են Արցախի գրաված տարածքներում, մասնավորապես՝ Շուշիում, որոշ նախագծեր իրականացնելու մտադրության մասին: Ինչպե՞ս է ռուսական կողմը գնահատում նման կազմակերպության գործունեությունն Արցախում և արդյո՞ք այդ գործունեությունը լարվածության օջախներ չի առաջացնում տարածաշրջանում, հատկապես, որ այդ կազմակերպության գործունեությունը հավանության են արժանացրել Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունները:
«Առաջին հարցի վերաբերյալ մենք չունենք նման ծրագրերի մասին տվյալներ և տեղեկություններ: Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև հայտարարության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը միասնական ջանքերով վերադառնում է խաղաղ բնականոն կյանք: Դրա համար անհրաժեշտ է, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ հարևան բոլոր երկրները գործեն միասնական դիրքից և նպաստեն տարածաշրջանում բնակվող բոլոր ժողովուրդների միջև երկխոսությանը, աջակցեն տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապահովեն պատմական ու մշակութային հուշարձանների պահպանմանը: Միասնական դիրք ասելով՝ առաջին հերթին պետք է ելնել կայուն խաղաղության հաստատումից, որի հիման վրա մարդիկ, վերադառնալով տարածաշրջան, իրենց կյանքը կդասավորեն մի շարք ուղղություններով՝ տնտեսություն, ֆինանսներ, տրանսպորտ, լոգիստիկա: Այս մասին պետք է բոլորս հիշենք»,- հայտարարել է Մարիա Զախարովան: