ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներին՝ ներկայացնելով պատերազմից հետո Արցախում առկա հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները:
Դեսպանն անդրադարձել է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած վեցշաբաթյա պատերազմի հետևանքով առաջացած մարդասիրական ճգնաժամին՝ նշելով, որ տարածաշրջանի տևական խաղաղության հաստատման դժվարին ճանապարհին պահանջվում են նաև Միացյալ Նահանգների թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր մարմինների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը:
«Միանգամայն հստակ է, որ Բաքվի ագրեսիան արժեցել է մարդկային հազարավոր կորուստներ, տասնյակ հազարավորները վիրավորվել են: Ադրբեջանական հարձակումների հետևանքով 90 հազար բնիկ հայեր ստիպված են եղել հեռանալ իրենց պատմական հայրենիքից: Առանց չափազանցության, սա այս տարածաշրջանում տասնամյակների ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի էթնիկ զտումն է Ադրբեջանի կողմից:
Մինչ օրս Ադրբեջանը շարունակում է անօրինական պահել հարյուրավոր հայ գերիների՝ կանանց և տղամարդկանց, քաղաքացիական անձանց ու զինվորականների, որոնցից շատերը կտտանքների են ենթարկվել, խեղվել, նույնիսկ իսլամիստ ահաբեկիչների ոճով գլխատվել են: Տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում: ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայերի սպանությունները որակել է ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտում և այն անվանել պատերազմական հանցագործություն:
Միջազգային նորմերը և Ժնևի կոնվենցիան խախտելուց բացի, ադրբեջանական կողմն անտեսել է նաև 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված պահանջի՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը: Հայկական կողմը հաստատել է մոտ 200 անձի գերեվարվելու փաստը, իսկ ադրբեջանական կողմը՝ միայն 57-ի մասին է խոսում՝ ռազմագերիների մեծ մասին ներկայացնելով որպես ահաբեկիչ»,- գրել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:
Դեսպանն ընդգծել է, որ այս լայնածավալ պատերազմն աննախադեպ էր, քանի որ Հայաստանն ու Արցախն առճակատվել են Ադրբեջանի, Թուրքիայի ու վարձկանների հավաքական ուժին: Նշվում է, որ այս պատերազմում մարտնչել են Սիրիայից ժամանած հազարավոր ջիհադականներ, որոնց հավաքագրել, վճարել և հակամարտության գոտի է ուղարկել Թուրքիան: Վարձկանների առկայության մասին խոսել են Ֆրանսիան և արևմտյան մի շարք երկրները»,- ընդգծել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը:
Նամակում խոսվում է նաև Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված հրադադարից հետո Ադրբեջանի անխոհեմ, սադրիչ ու թշնամական գործողությունների մասին: Բաքուն հրաժարվում է անհապաղ ու առանց նախապայմանների իրականացնել ռազմագերիների ու պահվող անձանց փոխանակումը՝ հայ գերիներին ներկայացնելով որպես հանցագործներ:
ՀՀ դեսպանը նշել է, որ մինչ Արցախի տարածքում գործում է հրադադարի ռեժիմը, Արցախի վերջնական կարգավիճակի հարցը դեռևս լուծված չէ:
«Միայն Արցախի հարցի ժողովրդավարական՝ ինքնորոշման իրավունքի վրա հիմնված քաղաքական և բանակցային կարգավորումը կարող է տևական խաղաղություն և հաշտություն ապահովել Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- գրել է Վարուժան Ներսեսյանը:
Նրա խոսքով՝ այս ամենին հասնելու համար անհրաժեշտություն կա թարմացնելու միջազգային մեխանիզմը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը, որի համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու Ռուսաստանը:
Իր նամակում ՀՀ դեսպանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը ակտիվ մասնակցություն կունենա այս գործընթացում, և երկրի իշխանություններին հորդորել է քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի տարածքների դեօկուպացիայի, տեղահանված արցախցիների՝ իրենց բնակավայրեր անվտանգ ու արժանավայել վերադարձն ապահովելու, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված մշակութային ու կրոնական հուշարձանները պաշտպանելու համար:
Արցախում խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար ՀՀ դեսպանն ԱՄՆ-ին հորդորել է նաև կրճատել ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, որը Բաքուն օգտագործում է ռազմական նպատակներով: Բացի այդ, նա Կոնգրեսին հորդորել է ֆինանսական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանությունների նկատմամբ:
ՀՀ դեսպանը Միացյալ Նահանգների իշխանություններին շնորհակալություն է հայտնել մարդասիրական աջակցության համար: