Ձայների 347 կողմ, 151 դեմ հարաբերությամբ՝ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անջատողականության դեմ պայքարի մասին» օրինագիծը: Հաջորդ փուլը Սենատն է, որտեղ լսումներ տեղի կունենան մարտի վերջին: Օրինագիծը կարող է հաստատվել այս տարվա գարնանը՝ գրում է euronews-ը:
Հաստատված օրինագծի նպատակն է խստացնել երկրում իսլամիստների դեմ պայքարը: Ակնկալվում է ուժեղացնել մզկիթների, դպրոցների և մարզական ակումբների վերահսկողությունը՝ Ֆրանսիան իսլամիստներից պաշտպանելու և ֆրանսիական արժեքները պահպանելու համար:
Փարիզը պատրաստվում է նաև ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել բռնությունն արդարացնող, ինչպես նաև ամուսնություն պարտադրող փորձերի համար: Այն նախատեսում է նաև պետական մարմինների չեզոքության ապահովում, պայքար ինտերնետում ատելության տարածման դեմ, հսկողություն տնային կրթության, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների գործունեության նկատմամբ:
Օրինագծի տեքստը քննադատության ալիք է առաջացրել թե՛ աջ, թե՛ աջ ծայրահեղական կուսակցությունների շրջանում: