Քննիչը ցույց է տալիս կադրեր ծեծկռտուքից - Սա տուժողն ա, էս մեկը Մնացականյանն ա, էս մեկը Խաչատրյանը, ստեղ ծեծեցին, էս մեկն էլ բարեկամն ա, եկավ՝ բաժանի, սա էլ Սեյրան Սարգսյանն ա, տեսեք՝ հարվածներ են հասցնում:
6 ամիս առաջ 12 ոստիկանի մասնակցությամբ վարորդի ծեծի կադրերն են: Դեպքը Ճանապարհային ոստիկանության ծառայության պահպանվող հատուկ տարածքում է եղել:
Քննիչը ցույց ա տալիս կադրեր ծեծկռտուքից - էս ա միջանցքից նույն Սարգսյանը դուրս ա գալիս, կանգնում ա իրա վրա, նայեք, եկավ գեր կազմվածքով անձն է:
Արթուր Մեսրոպյան - Ոնց-որ մարդուն, կոպիտ ասած, նստացնեն, ստորացնեն: Հիմա ես ուզում եմ հասկանամ՝ այդ մարդիկ ինչ պատասխանատվություն են կրելու:
Ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 22-ին նկատել են արգելված վայրում կայանված մեքենա ու տեղափոխել տուգանային հրապարակ: Քաղաքացին շատ չանցած եղբոր որդու հետ գնացել է մեքենայի հետևից, բայց այն վերցնել չի հաջողվել:
Լեռնիկ Ստեփանյան (ՀՔԾ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ) - Վիճաբանություն է սկսել այն բանից հետո, երբ տուժողը պահանջել է ներկայացնել արգելված վայրում ավտոմեքենան կայանելու վերաբերյալ տեսանյութ կամ լուսանկար, սակայն ոստիկանները պատասխանել են՝ իրենց մոտ տեսանյութ առկա չէ:
Սմբատ Մինասյան (ոստիկանների պաշտպան) - Ասում են՝ կներկայացնենք, մենք հիմա արձանագրություն ենք կազմում, ձեզ օրինակը կտանք, ապացույցները կտանք, եթե համաձայն չեք դրա հետ, սահմանված կարգով բողոքարկեք:
Արթուր Մեսրոպյան - Վեճը ոստիկանների վատ դրսևորումից է եղել, որ լավ չեն խոսել: Վեճի ընթացքում ինձ քաշքշել են, խփել են ախպորս էլ, ես էլ իրենց հայհոյել եմ, բայց, ամեն դեպքում, իրենց արածը ոչ մարդկային է:
Քննիչն ասում է՝ տեսագրությունները վկայում են՝ ոստիկանները, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ՝ ձեռքով ու ոտքով բազմաթիվ հարվածներ են հասցրել վարորդին: Երբ ծեծկռտուքին փորձել է միջամտել եղբոր որդին՝ ոստիկանության աշխատակիցները չեն խնայել նաև նրան:
Լեռնիկ Ստեփանյան - Դասակի մյուս տեսուչը, տեսնելով դա, փոխանակ կանխեր գործընկերների կողմից բռնությունը, եղբոր որդու նկատմամբ են նաև բռնություն արել:
Տուժողի հավաստմամբ՝ վեճ, քաշքշուկ չէր լինի, եթե նախատեսված ակտը վճարելուց հետո իրեն վերադարձնեին մեքենան: Ոստիկանների շահերը պաշտպանող փաստաբանը պնդում է՝ Արթուրին մանրամասն, առանց վիրավորանքների բացատրել են՝ գերազանցել է 9 բալը, և հենց դա է պատճառը, որ մեքենան չեն կարող վերադարձնել:
Սմբատ Մինասյան (փաստաբան) - Ինչքան էլ զարմանալի կլինի, ասում է՝ ձեզ 15 րոպե ժամանակ: Դա ֆիքսված է, եթե չտաք մեքենան չտաք, սաղիդ մեր ու մանուկ... ու հայհոյում է: Որ խմած գալիս է ՃՈ շենք, հայհոյում է իրենց ծնողներին, դա նորմա՞լ է:
Արթուր Մեսրոպյան - Մեքենան չեն տվել, պատճառաբանել են, որ 9 բալը անցել է, ես ջղայնացել եմ: Որ ասել են՝ 9 բալ, գիտեի, որ 2 բալ եմ արել:
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ մեկ տասնյակից ավելի ոստիկան բռնություն է գործադրում քաղաքացու նկատմամբ, սակայն մեղադրանք է ներկայացվում միայն 3-ին: Քննիչը պարզաբանում է՝ բոլոր տեսանյութերը առգրավվել են, մյուս ոստիկանները ներկա են եղել, բայց ծեծին մասնակից չեն եղել:
Լեռնիկ Ստեփանյան - Նախ՝ համացանցում տեղադրված տեսանյութերը մաս-մաս են տեղադրված՝ սկզբից մինչև վերջ չեն, ընդամենը մի քանի հատված են, մեզ մոտ ամբողջ սպայական գումարտակի տարածքը նկարահանվել է ու ուղարկվել է դատարան, մի քանի անգամ դիտվել, զննվել են, ու պարզվել է, որ 2 քաղաքացու նկատմամբ բռնություն է գործադրել միայն 3 ոստիկան:
Քննիչը համոզված է՝ մյուս ոստիկանները կենթարկվեն կարգապահական պատասխանատվության՝ քաղաքացու հանդեպ գործընկերների արարքին անտարբերություն ցուցաբերելու համար:
Մեղադրյալ 3 ոստիկանի պաշտոնավարումը դադարեցվել է:
Գործն ուղարկվել է դատարան: