Ստեփանակերտի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի հնարավորինս արագ և արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում: Այսինքն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրապետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակն է` 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականացումը, Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալը, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելը, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրեր իրագործելը:
Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելը:
Ստեփանակերտում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելն ու իրականացնելը):
Վստահեցնում եմ, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու:
Ողջ գործընթացն իրականացվելու է առավելագույնը թափանցիկության պայմաններում: Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը....
Հաշվեհամարը ստորև
Կանխավ շնորհակալություն»,- գրել է քաղաքապետը: