Արտակ Հարությունյան (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ինտեգրված սոցիալական ծառայությունների բաժնի պետի պաշտոնակատար) - Հիմա մուտք գործենք կայք՝ ssa.am:
Դիմումների օնլայն հասցեն փետրվարի 9-ից հասանելի է Արցախում 44-օրյա էսկալացիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին: Գործադիրն աջակցության այս ծրագրով պատերազմում առողջությունը վտանգած զինծառայողներին կհատկացնի միանվագ 500 հազար դրամ:
Արտակ Հարությունյան - Ներկայացնում է անձնական տվյալներ, հեռախոսահամար և բանկային հաշվին կցված քարտային համարը:
Նախարարության սոցիալական ապահովության ծառայության առցանց հարթակում դիմումին՝ պատերազմին մասնակցությունը վկայող կամ բժշկական փաստաթուղթ կցելու կարիք չկա: Հեշտացվել է ընթացակարգը: Համակարգն ավտոմատ գտնում, ծրագրում ընդգրկում է անձին:
Արտակ Հարությունյան - Այն անձինք, ովքեր չունեն հաշմանդամություն, կամ ունեն 3-րդ խմբի հաշմանդամություն, կամ կարող են ունենալ 3-րդ խմբի հաշմանդամություն, կընդգրկվեն ծրագրում, կստանան գումարը՝ 500 հազար դրամի չափով:
500 հազար դրամ աջակցությունը կստանան զինծառայողները, որոնք վիրավորվել ու ստացիոնար բուժօգնություն են ստացել: 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողները աջակցության այլ ծրագրի՝ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու են: Պետությունն արդեն բյուջետային վերաբաշխումն արել է, գումարն առաջիկա օրերին կսկսեն փոխանցել: Գումարը ստանալու են թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում:
Արտակ Հարությունյան - Հաշվարկվել է 5000 զինծառայողի հաշվարկով: 500 հազարն առաջիկա օրերին կփոխանցվի մոտ 2400 զինծառայողի:
Խոսքը պատերազմի մասնակից թեթև, միջին վնասվածք ստացած բոլո՛ր վիրավոր զինծառայողների մասին է՝ թե՛ ժամկետային, թե՛ պահեստազորային, թե՛ ռազմաճակատ մեկնած կամավորների: Դիմումների ընդունման վերջնաժամկետը ապրիլի 15-ն է: