Փետրվարի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդեց Արարատի մարզում մի շարք ձկնաբուծարանների կառուցման հակաօրինականության և դրանց գործունեության առնչությամբ հարուցված քրեական գործի մասին։
«
Լուրեր»-ը ներկայացնում է դատախազության ուսումնասիրությունների առանցքում գտնվող մի քանի ձկնաբուծարանների սեփականատերերին ու վերջիններիս գործունեությունը։
Արարատի մարզի Զորակ համայնքում գտնվող «Էկոֆիշ թրեյդ» ընկերության ձկնաբուծարանի 67 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին, իսկ մնացյալ 33 տոկոսը Ծառուկյանի բիզնեսների հավատարմագրային կառավարիչ, նրա գործընկեր Սեդրակ Առուստամյանին։ «Էկոֆիշ թրեյդը» Արարատի մարզի խոշոր ջրօգտագործողներից է։ 2016 թ. տվյալներով ընկերությունն ունի 8 խորքային հոր, իսկ ձկնաբուծարանն ամսական մոտ 10 տոննա ձուկ է արտահանում։ Հունվարի 21-ին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը որպես հայցի ապահովման միջոց 360 միլիոն դրամի չափով արգելանք է դրել «Էկոֆիշ թրեյդի» գույքի վրա։ Այս ընկերությունում բաժնեմաս է ունեցել նաև Հովտաշատի համայնքապետ Հովիկ Թադևոսյանը, ում բաժնեմասն անցել է Սեդրակ Առուստամյանին։ Թադևոսյանը
պնդում էր՝ ԲՀԿ առաջնորդն ապօրինաբար տիրացել է իր ձկնաբուծարանին, արգելել իր մուտքը ձկնաբուծարանի տարածք։ Հետագայում միջադեպ էր ծագել, երբ Թադևոսյանն իր կողմնակիցների միջոցով փորձել էր մուտք գործել ձկնաբուծարանի տարածք, Թադևոսյանի կողմնակիցները հարձակման էին ենթարկել նաև Ծառուկյանի «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբին։
Թադևոսյանը «Լուրեր»-ին ասաց՝ ձկնաբուծարանի սեփականատերերի հարցով ներկայում ընթանում է դատական գործընթաց, և ինքը վիճարկում է բաժնետոմսերն օտարելու համապատասխան որոշումները։ Նրա բաժնեմասը Սեդրակ Առուստամյանին է անցել մեկ այլ ձկնաբուծարանի դեպքում ևս՝ «Ռապս» ՍՊԸ-ում։ Հովտաշատում գործող ձկնաբուծարանների մասին հարցին ի պատասխան Թադևոսյանը տեղեկացրեց՝ կա մոտ 60 ձկնաբուծարան, որոնց մեծ մասն ինքնակամ է կառուցվել, սակայն դրանք օրինականացնելու գործընթաց այս պահին չկա։ Թադևոսյանը դա հիմնավորում է նրանով, որ ձկնաբուծարանների օրինականացման դեպքում տնտեսվարողները 10-30 միլիոն դրամ պիտի ծախսեն, որը վերջինների համար մեծ թիվ է։
Զորակում ձկնաբուծարան ունի Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի պետ, բուժծառայության փոխգնդապետ Մհեր Սերոբյանը։ Զորակի համայնքապետ Մանուկ Մալոյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ անցյալ տարվանից Սերոբյանը դիմել է համայնքին՝ ինքնակամ կառուցված ձկնաբուծարանն օրինականացնելու համար։ Ներկայում, ըստ համայնքապետի, այս գործընթացը շարունակվում է։ Մհեր Սերոբյանն իր ձկնաբուծարանի աշխատանքները կազմակերպում է որպես անհատ ձեռնարկատեր։ Զորակում գործում է նաև «Արթուր-Տաթևիկ» ՍՊԸ-ն։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության միակ բաժնետերը Սոֆյա Միքայելյանն է։
Սիս համայնքն ունի 24 ձկնաբուծարան։ Դրանցից ամենամեծը «Մոս ֆիշն» է, որը պատկանում է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Այն կառուցվել էր ինքնակամ՝ առանց համապատասխան փաստաթղթերի և վճարների։ Համայնքի ղեկավար Հայկ Մելքոնյանը հայտարարեց՝ ձկնաբուծարանն Ալեքսանյանը վերջերս օրինականացրել է. «Ամենամեծ ձկնաբուծարանն արդեն օրինականացվել է, որն էլ որ չի օրինականացվել, այժմ օրինականացման փուլում է։ Ամենամեծը 11.3 հեկտարի վրա է կառուցված։ 113 միլիոն դրամ է օրինականացման արդյունքում վճարվել»,- ասաց համայնքապետը՝ ավելացնելով, որ մի շարք ձկնաբուծարանների սեփականատերեր արդեն իսկ դիմել են իրենց կառույցներն օրինականացնելու, հողի կարգավիճակը փոփոխելու համար։ Ալեքսանյանի եղբորորդուն՝ Արտակ Ալեքսանյանին է պատկանում Սիս համայնքի մեկ այլ ձկնաբուծարան, որի սեփականատերն է «Ֆրագարիա» ՍՊԸ-ն։ Արտակ Ալեքսանյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավարն է։
Արարատի մարզի ձկնաբույծներից են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամները։ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին է պատկանում «Մխչյան ֆիշ» ընկերությունը։ Ընկերությունը ձկնաբուծարաններ ուներ Զորակ և Մխչյան համայնքներում, նաև արտահանող է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը սնանկության գործընթաց է սկսել։ Հենրիկ Աբրահամյանն իր դստեր՝ Մերի Աբրահամյանի անունով հիմնել էր մեկ այլ ձկնաբուծարան՝ «Մերի ֆիշը»։ Ընկերության բաժնեմասերը, սակայն, անցյալ տարի անցել են Մուշեղ Նիկողոսյանին՝ Արմաշի ալյուրի գործարանի, «Մանանա գրեյնի» սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանի որդուն։ «Մխչյան ֆիշն» ու «Մերի ֆիշը» երկու տարի առաջ հայտնվել էին բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում:
Ձկնաբուծական ընկերություններում ստուգումների արդյունքում պարզվել էր, որ երկու ընկերություններն առանց համապատասխան թույլտվության ջուր են օգտագործել ձկնաբուծարանների համար և երկուսը միասին տուգանվել էին 650 միլիոն դրամի չափով։
Սիփանիկ գյուղում է գտնվում «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.» ընկերությանը պատկանող ձկնաբուծարանը, որը ևս գլխավոր դատախազության ուշադրության կենտրոնում է հայտնվել։ Ընկերության 50 տոկոսի բաժնետերը Կարեն Գրիգորյանն է։ Վերջինիս անվանը հանդիպում ենք նաև «Սագատի» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն։ «Սագատի»-ն Հայաստանում ձկնային կերի շուկայի խոշոր խաղացողներից է ու կապվում է Պետեկամուտների կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Տիգրան Բարսեղյանի անվան հետ։ «Ինտեր Ա.Կ.Վ.Ա.»-ն Սիփանիկի ամենախոշոր ձկնաբուծարանն է։ Բացի այս ընկերությունից, Տիգրան Բարսեղյանը 50 տոկոս բաժնեմաս ունի «Ջիտիէս ԻՄՄՕ» ընկերությունում, որը շահագործում է Սիփանիկի մեկ այլ ձկնաբուծարան։ Սիփանիկի համայնքապետի պաշտոնակատար Հակոբ Բադալյանն ասաց՝ տնտեսվարողներին ծանուցել են՝ օրինականացնել ինքնակամ կառույցները. «Մենք բոլոր լճատերերին զգուշացրել ենք։ 2-3 այդպիսի ինքնակամ ձկնաբուծարան կա։ Անցյալ տարի եկան, ստուգեցին, ինչ թուղթ, տվյալ ուզել են, տրամադրել ենք»,- ասաց Բադալյանը:
Դատախազության հաղորդագրության համաձայն՝ Արարատի մարզում ստուգված 131 ձկնաբուծարանից 41-ը եղել են ինքնակամ, իսկ 4 նախկին ու ներկա համայնքապետ հողօգտագործման ու հողերի պահպանման ոլորտում խախտումներ է թույլ տվել։ Այս գործով դեռ մեղադրյալներ չկան։