Աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընը: Ներկայացնում ենք «Լուրերի» բացառիկ հարցարզույցը նախարար Մորթընի հետ:
- Նախարար Մորթոն, ի՞նչ առաքելությամբ եք ժամանել Հայաստան:
- Իսկապես չափազանց ուրախ եմ՝ վերջապես հնարավորություն ունենալու այցելել Հայաստան: Առաջին հերթին, սա հնարավորություն է անձամբ հանդիպելու Արտաքին գործերի նախարար Այվազյանին և Ձեր նախագահին՝ նախագահ Սարգսյանին։ Երկրորդ, ինձ համար կարևոր էր անձամբ ծանոթանալ այն աշխատանքներին, որոնք բրիտանական դեսպանությունը և Միացյալ Թագավորության կառավարությունն իրականացնում են Հայաստանում՝ մասնավորապես ի աջակցություն Հայաստանում ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների։ Եվ երրորդ, այստեղ եմ պաշտոնապես բացելու բրիտանական դեսպանատան նոր գրասենյակը Երևանում, ինչն իմ կարծիքով՝ մեր կառավարությունների միջև կապերն ամրապնդելու նշան է։ Նաև այցիս երկու օրերի ընթացքում կարողացա տեսնել Միացյալ Թագավորության կողմից իրականացվող աշխատանքների որոշ մասը և ծանոթացա մեր կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված իսկապես հրաշալի մարդկանց հետ․ ծրագրեր, որոնք աջակցում են երիտասարդ կանանց տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև խոցելի համայնքների տնտեսական և սոցիալական դիմակայունությանը։ Ես նաև հնարավորություն ունեցա ծանոթանալու Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող մշակութային ծրագրերին։
- Խոսեցիք նոր դեսպանատնից, տևական ժամանակ է՝ մեր երկրները դեսպաններ չունեն Երևանում և Լոնդոնում: Չի՞ ազդում արդյոք այս փաստը հայ-բրիտանական հարաբերությունների վրա:
- Ես տեղյակ եմ այդ մասին և շատ ուրախ եմ, որ Ջոն Գալագերը նշանակվել է Միացյալ Թագավորության դեսպան Հայաստանում և շատ շուտով՝ մյուս ամիս, կժամանի Երևան՝ սկսելու պաշտոնավարումը։ Պետք է նաև նշեմ, որ Երևանում բրիտանական դեսպանության թիմը հիանալի է աշխատել դեսպանների նշանակումների միջև ընկած այս ժամանակահատվածում և, կարծում եմ, շատ ճիշտ է, որ շուտով նոր դեսպան կունենանք՝ պաշտոնավարման լիարժեք ժամկետով, որն առաջիկա տարիներին է՛լ ավելի կզարգացնի մեր երկրների միջև արդեն իսկ սերտ կապերը։ Կան գործակցության մի շարք կարևոր ոլորտներ, որոնցում պետք է շարունակենք համատեղ աշխատանքը՝ ներառյալ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները, ինչպես նաև տնտեսական դիմակայունության ամրապնդումը և մեր ժողովուրդների միջև ՛էլ ավելի սերտ կապերի հաստատումը։ Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ մեր նոր դեսպանը գերազանց կաշխատի այս ոլորտներում՝ մեր երկու երկրների համագործակցությունը հաջորդ մակարդակին հասցնելու համար։
- Ձեր երկիրը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ է, մի կառույցի, որը 27 տարի անց՝ 2020-ին, կրկին անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ դատապարտելով էսկալացիան: Ձեզ հայտնի է, որ պատերազմը սանձազերծած Ադրբեջանը մինչև այս պահը չի վերադարձրել գերեվարված հայերի մի մասին: Ի՞նչ կարծիք ունեք Բաքվի այս վարքագծի մասին:
- Անցյալ սեպտեմբերին, ռազմական գործողություններն սկսվելուց ի վեր, ես պարբերաբար կապի մեջ եմ եղել Հայաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հետ և շեշտել եմ կրակը դադարեցնելու, մարդասիրական հրադադարի շուրջ պայմանավորվելու և երկարատև խաղաղության հասնելու նպատակով բանակցային սեղանի շուրջ նստելու անհրաժեշտությունը, ինչը, կարծում եմ, խիստ կարևոր է։ Ռազմական գործողությունների ազդեցությունը խաղաղ բնակչության վրա պարզապես կործանարար էր, և պետք էր դրանց վերջ դնել։ Ուստի, ես ողջունում եմ նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագրով հաստատված հրադադարը։ Բայց նաև կարևոր է հետևողականորեն իրագործել այն, ինչ ամրագրված է համաձայնագրում։ Սա ներառում է գերիների փոխանակումը և հակամարտության արդյունքում ցավալիորեն կյանքը կորցրած անձանց մարմինների վերադարձը։ Հակամարտության պատճառով ազատությունից զրկված ցանկացած ոք պետք է կարողանա տուն վերադառնալ։
- Հայաստանի անվտանգությանը շարունակում են սպառնալ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և նրա հովանավորյալ Ադրբեջանը: Ինչպիսի՞ն են Մեծ Բրիտանիայի պատկերացումները տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ:
- Հակամարտության ընթացքում երկու երկրների արտգործնախարարների հետ իմ շփումներում ես հստակ նշել եմ բանակցությունների սեղանին վերադառնալու անհրաժեշտությունը, և հնարավորություն ընձեռելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին աշխատել կողմերի հետ և փորձելու հասնել տևական խաղաղ կարգավորման։ Պետք է նաև հավելեմ, որ Կովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը կարևոր է, առավել քան երբևէ։ Եվ կարևոր է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը շարունակեն հաղորդակցվել միմյանց հետ։ Գիտեմ, որ ներկայումս այդ հաղորդակցությունը տեղի է ունենում տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը քննարկելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի միջոցով։ Այդուհանդերձ, տարածաշրջանում կայուն խաղաղության հնարավոր է հասնել միայն համապարփակ խաղաղ կարգավորման միջոցով։ Այդ է պատճառը, որ մենք շարունակում ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը։
- Նախարար Մորթոն, հայաստանյան հասարակության մեջ ընկալում կա, որ Մեծ Բրիտանիան պատերազմի ընթացքում չէր պահպանում չեզոքություն: Այդ քննարկումներն է՛լ ավելի սրվեցին Բաքվում Ձեր երկրի դիվանագետի հայտարարությունից հետո, թե դա իր առաջին այցն է Ադրբեջանի ազատագրած տարածքներ: Նաև Դուք՝ Բաքու այցի ժամանակ խոսել եք Ադրբեջանի հսկողության տակ անցած տարածքներում բրիտանական ընկերությունների ներգրավվածության հնարավորության մասին: Արդյո՞ք կողմնակալ չէ Միացյալ Թագավորության դիրքորոշումը:
- Կարող եմ վստահեցնել, որ Միացյալ Թագավորության դիրքորոշումն ընդհանրապես կողմնակալ չէ։ Մեր հարաբերությունները թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ հավասարապես կարևոր են։ Մենք համարում ենք, որ երկու երկրներն էլ իսկապես արժեքավոր գործընկերներ են։ Մենք աջակցում ենք երկու երկրներում գործարար հնարավորություններ փնտրող բրիտանական բիզնեսներին։ Վերջին շաբաթվա ընթացքում ես այցելել եմ ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան և Վրաստան, և երեք երկրներում էլ քննարկել եմ տնտեսական հնարավորությունները։ Քննարկել ենք նաև «կանաչ վերականգնման» և կլիմայի փոփոխության հանձնառությունները կատարելու հնարավորությունները։
Ինչ վերաբերում է Ձեր նշածին, ես չեմ կարծում, որ պատշաճ և ճիշտ է իմ կողմից մեկնաբանել ոչ պաշտոնական թարգմանությունը, քանի որ հարկ է նշել, որ ոչ պաշտոնական թարգմանությունները չեն ներկայացնում Միացյալ Թագավորության կառավարության տեսակետները։ Մեր դիրքորոշումը միշտ շատ հստակ է եղել․ հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սատարել Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշմանը՝ իրավականորեն պարտադիր բնույթ կրող կամարտահայտման միջոցով, ինչպես սահմանված է հիմնարար սկզբունքներում, որոնցով առաջնորդվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։
- Տեղյա՞կ եք, որ Ադրբեջանը հայտարարում է, թե ԼՂ հակամարտությունը փակ է, մինչդեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված: Ո՞րն է Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը:
- Միացյալ Թագավորության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ չի փոխվել։ Միացյալ Թագավորությունը ցանկանում է, որպեսզի կողմերը հնարավորինս շուտ հասնեն համապարփակ խաղաղ կարգավորման՝ Մինսկի խմբի համանախագահների հիմնարար սկզբունքների հիման վրա։ Այդ սկզբունքները ներառում են նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Մենք լիովին սատարում ենք ամերիկացի, ֆրանսիացի և ռուս համանախագահների ջանքերը, և կողմերին քաջալերում ենք կառուցողական կերպով ներգրավվել բանակցային գործընթացում։ Նաև ընդունում ենք, որ այս հակամարտության լուծում գտնելը կպահանջի համարձակություն, բարդ որոշումներ և զիջումներ բոլոր կողմերից։ Մենք շարունակում ենք խրախուսել, որպեսզի ներգրավված բոլոր կողմերը գործեն բարեխղճորեն և հասնեն կարգավորման։
- Մոսկովյան եռակողմ պայմանավորվածության համաձայն՝ ապաշրջափակվելու են տարածաշրջանի տրանսպորտային ուղիները: Այս համատեքստում ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Երևան-Լոնդոն տնտեսական կապերի ակտիվացման համար:
- Այս այցի ընթացքում ինձ պարզ դարձավ, որ հայ բրիտանական կապերում աճի ներուժը շարունակ մեծանում է։ Վերջին տարիներին Հայաստանը տպավորիչ առաջընթաց է գրանցել տնտեսական բարեփոխումների առումով և կոռուպցիայի դեմ պայքարում։ Միացյալ Թագավորությունն ուրախ է, որ ֆինանսական աջակցությամբ և փորձի փոխանցմամբ աջակցել է կառավարության բարեփոխումներին և բիզնեսի աճին։ Երեկ առիթ ունեցա Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարից լսելու, թե ինչպես են Միացյալ Թագավորության կողմից ֆինանսավորվող ծրագրերն աջակցում տեղեկատվական տեխնոլոգիաների և Հայաստանի տնտեսության այլ ոլորտներում կին-ձեռներեցներին։ Պատիվ ունեցա նաև հանդիպել բիզնեսի և կառավարության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Հայաստանի «կանաչ» զարգացմանն աջակցության հնարավորությունները և կառավարության հավակնոտ հանձառությունները՝ նվազեցնելու ջերմոցային գազերի արտանետումները և իրացնելու կլիմայի փոփոխության դեմ պայքարի տարածաշրջանային առաջատարի իր ներուժը։ Իհարկե, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնումը ևս կարող է նպաստել Հայաստանի ապագա բարեկեցությանը, և այս ուղղությամբ Միացյալ Թագավորությունն արդեն իսկ սերտորեն համագործակցում է Հայաստանի հետ տարբեր ոլորտներում։