«Վարչապետը պնդում է, որ թալանել են բանակը, դրա համար էլ պարտվել ենք, իսկ բանակի՝ մինչև Նիկոլ Փաշինյանը ղեկավարողները պնդում են, որ բանակը հզոր է եղել, ինքն է դավաճան: Հիմա այդ հարցերը քննելու համար ես առաջարկում եմ քննիչ հանձնաժողով ստեղծել: Ուզում եք՝ եկեք պարիտետային սկզբուքնով առանձին մարմին ստեղծենք»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաև նշեց, որ իրենք ժամանակին ապրիլյան հանձնաժողովի ստեղծմանը կողմ էին, որ շահարկումները վերջնական պատասխան ստանան:
«Ես ուզեցել եմ իմանալ՝ զինվորները բահերո՞վ են կռվել, թե՞ ոչ: Մեր մեդիայում որոշ ընդդիմադիր գործիչներ դա շահարկել են: Դրա համար մենք ասել ենք՝ թող ստեղծվի, որ առաջին և վերջին անգամ էս հարցը փակենք և ասենք»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ հանձնաժողովն աշխատել է, քննել է. զեկույցը թող հրապարակի:
«Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր ժողովուրդը շոկ ապրեց, որ մենք ունեցել ենք կոնսենսուս, որ վատ ապրենք, բայց այդ ամեն ինչը գնա բանակ, և Ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեցին այնպիսի բաներ, որ զինվորներն այնպիսի տարրական բաներ չունեին»,- ասաց Մարուքյանը: