ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն Արաբական Միացյալ էմիրությունների արհեստական բանականության, թվային կառավարման և հեռավար աշխատանքի նախարար Օմար Բին Սուլթան ալ Օլամայի հետ տեսազրույցի ընթացքում քննարկել է արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավոր ուղղությունները:
Արաբական կողմը նշել է, որ իրենք անցում են կատարում դեպի թվային նոր ռազմավարության: Նախարարն, իր հերթին, տեղեկացրել է, որ վերջերս ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի թվայնացման ռազմավարությունը, որի շուրջ ևս կարող են համագործակցել և դրա թարգմանված տարբերակը պատրաստ են փոխանցել արաբական կողմին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ԱՄԷ-ում «Հայկական վիրուտալ կամուրջ» ծրագրի շրջանակներում հայկական անկյուն ունենալու գաղափարին, ինչը հնարավորություն կտա հայկական տեխնոլոգիական սկսնակ ընկերություններին իրենց պատշաճ ներկայացվածությունն ունենալ Արաբական էմիրություններում, մասնակցել պետական տարբեր միջոցառումների և մրցույթների, ներդրումներ ստանալ արաբական կողմից:
Հակոբ Արշակյանն ԱՄԷ գործընկերոջը հրավիրել է մասնակցելու ArmHiTec-2021 պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին, որը Հայաստանում կանցկացվի 2021 թ. մարտի 25-27-ը: