Կրթության տեսչական մարմնում ամփոփել են նախորդ տարիների ուսումնասիրությունների արդյունքներն ու փաստում են՝ աշակերտները մաթեմատիկա առարկան լավ չգիտեն:
Ալեքսանդր Շագաֆյան (Կրթության տեսչական մարմնի ղեկավար) - Իրավիճակը բավականին մտահոգիչ է:
Խնդիրը նկատել են դեռ 2018 թվականից: Ամեն տարի գրավոր աշխատանքներով աշակերտների գիտելիքները ստուգել են ու գրեթե նույն արդյունքն արձանագրել:
Ալեքսանդր Շագաֆյան - Միջին գնահատականը 4 է, նշանակում է՝ սովորողների զգալի մասը՝ 40 տոկոսը և ավելին չեն կարողանում անցած նյութի նվազագույն դրականը հաղթահարել:
Անահիտ Խնձրցյան (Րաֆֆու անվան 36-րդ դպրոցի ուսուցչուհի) - Մաթեմատիկան բարդ առարկա է:
Անահիտ Խնձրցյանը մաթեմատիկա է դասավանդում է 26 տարի: Ասում է՝ ճշգրիտ այս գիտությունն աշակերտներին հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ է անհատական ու խմբակային աշխատանքներով դասապրոցեսն անցկացնել:
Անահիտ Խնձրցյան - Միջին օղակում ժամաքանակի հետ կապված խնդիր ունենք, չենք հասցնում առարկան հետաքրքիր դարձնել:
2021-ը տեսչական մարմինը հռչակել է անցումային-վերականգնողական: Նախ կփորձեն հասկանալ 2020 թ. կարճաժամկետ կտրվածքով ինչ վնասներ է հասցրել կրթության համակարգին: Բացի այդ, առավելապես ուշադրության կենտրոնում են պահելու մաթեմատիկա առարկան: Հասկանալու համար թե 6-րդ, 9-րդ ու 11-րդ դասարանների աշխատանքները ինչ գիտելիքներով են փոխադրվել հաջորդ դասարան, կլինեն գրավոր աշխատանքներ:
Ալեքսանդր Շագաֆյան - Տեսչական մարմինը գրավոր աշխատանքները տալիս են բացառապես նախորդ տարիների անցած նյութից:
Կփորձեն բացահայտել խնդիրներն ու առաջարկությունները ներկայացնել գործընկերներին: Այս տարի կուսումնասիրեն նաև, թե ուսումնական հաստատությունները որքանով են աղետների ու դրանց ռիսկերի նկատմամբ դիմակայուն:
Ալեքսանդր Շագաֆյան - Արդյոք ուսումնական հաստատությունները նվազագույն պլան ունեն, ինչ գործողություններ են անելու, որ կրթական գործընթացը վերականգնվի:
Ալեքսանդր Շագաֆյանն ասում է՝ իրենց կիրառած գործիքակազմով փորձելու են կրթությունը որակյալ դարձնել: