Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի ասուլիսի թեման սահմանամերձ կարգավիճակ ստացած նոր բնակավայրերն ու աջակցության նոր ծրագրերն էին:
Ըստ բանախոսի՝ Կառավարության որոշմամբ նախկինում սահմանամերձ բնակավայրի կարգավիճակ ունեցող 38 բնակավայրին ավելացել է Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 բնակավայր: Այսպիսով սահմանամերձ բնակավայրերի թիվը հանրապետությունում կհասնի 77-ի:
Հարցին՝ թե ինչու այդ ցուցակում ընդգրկված չեն Սյունիքի Խնձորեսկ, Քարահունջ և Կապան բնակավայրերը, Դավիթ Խաչատրյանը պատասխանեց, որ կա սահմանը չափելու որոշ մեթոդաբանություն՝ սահմանից մինչև բնակավայրի վերջին տունը: Խնձորեսկում ու Քարահունջում, ըստ փոխնախարարի, կան գյուղնշանակության հողատարածքներ, որոնց մշակումը շատ ռիսկային է:
Կառավարությունն աշխատում է նշված բնակավայրերը, ինչպես նաև Ակներ և Վերիշեն համայնքները սահմանամերձ բնակավայրերի ցանկում ընդգրկելու ուղղությամբ:
Ինչ վերաբերում է Կապանին, բանախոսը նշեց, որ Կառավարության ցանկը վերաբերում է գյուղական համայնքներին, Կապանը քաղաք է, և այդ հարցին այլ լուծումներ կտրվեն: