Կառուցապատողները ֆինանսական խառնաշփոթի մեջ են: Անշարժ գույքի կադաստրային արժեքը հունվարից շուկայականին մոտեցնելով՝ Երևան-Արաբկիրում, օրինակ, հիմա ստիպված են մեկ քառակուսի մետրի արժեքը նվազագույնը 800 դոլար ձևակերպել նույն շենքում նույնիսկ մի քանի տարի առաջ վաճառած բնակարանի համար:
Վահե Պետրոսյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ) - Մենք էդտեղ 16, 15 թվին տներ ենք ծախել 600 դոլարով, բա հիմա ինչ անենք.....
Հո չեն կարող չվերցրած փողի համար էլ հարկ տալ՝ բողոքում են շինարարական բիզնեսի ներկայացուցիչները: Առանց այդ էլ տարեսկզբից ուժի մեջ մտած փոփոխությամբ պետությունն ԱԱՀ-ն իրենցից ուզում է գանձել անգամ, երբ հարկման հիմք է սահմանել շուկայական գնի վրա հաշվարկած կադաստրային արժեքը:
Վահե Պետրոսյան - Դրա մեջ արդեն բոլոր կիրառելի հարկերը ներառված են, ստացվում է` դրա մեջ ԱԱՀ-ն երկու անգամ է հաշվարկվում:
Օրենքն ընդունելիս չեն կանխատեսել, որ նման խնդիրներ կբացվեն, բացթողումներին տեղյակ են՝ անկեղծ խոստովանեց քննարկմանը ներկա Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:
Օրի Ալավերդյան (ՀՀ Ֆինանսների նախարարության Եկամուտների քաղաքականության և վարչարարության մեթոդաբանության վարչության պետ) - Պատրաստ ենք նաև աշխատել խնդրի կարգավորման համար՝ հասկանալով, որ խնդիրը կա ու կառուցապատողների համար խնդիրներ է ստեղծելու:
Միայն դա չէ խնդիրը, այլ նաև մի ամբողջ ծաղկեփունջ՝ ասացին: Շուկայում, գաղտնիք չէ, գները դոլարով են ֆիքսվում. կուրսն աճում է, հիփոթեքը՝ բարդանում: Բանկերը սկսում են մտահոգվել՝ եթե պետք եղավ գրավ վերցրած գույքը ի՞նչ գնով կվաճառվի, որ վարկը փակեն: Որպես ներդրող էլ պաշտպանված չեն. շենքի հիմքը փորելիս հարևանը դեմ է՝ շինարարական աշխատանքը դատարանն ամիսներով կասեցնում է:
Գուրգեն Գրիգորյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ) - Անհիմն ենթադրությունների հիման վրա փորձում են կառուցապատման ծրագրերը վիժեցնել...
Դատական քաշքշուկի համար վճարում են, նախագիծ-թույլտվությունների համար վճարում են: Կադաստրից քաղաքապետարան՝ պետք է 21 փաստաթուղթ հանեն. պետականորեն սահմանված 259 օրում: Այդ ժամկետում գործը գլուխ բերել ոչ մեկին չի հաջողվում՝ պնդում են:
Արմեն Սաքապետոյան («Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամ) - Այս 21 գործառույթներն իրականացվում են 609 օրում՝ մոտ 2.8 անգամ ավելի: Բնակաբանար, ժամկետների կորուստը բերում է լրացուցիչ ծախսերի:
Կառույցի համալիր փորձաքննությունը, օրինակ, պետք է ավարտվի 15 օրում, ձգվում է մինչև 2 ամիս: «Ինչո՞ւ» հարցին արձանագանքեց պետական կառույցից եկած պաշտոնյան:
Արտավազդ Թարխանյան (ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական) - Քաղշին կոմիտեի տեսլականը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ պետական փորձաքննությունների կենտրոն հիմնադրելու խնդիր կա...
Փաստաթղթային քաշքշուկը հենց պակասի՝ նորակառույցների գները կիջնեն՝ խոստանում են կառուցապատողները: Ի՞նչ էժանացման սպասել:
Վահե Պետրոսյան - Մինչև 20 տոկոս: Դա՝ մենակ ժամկետների հաշվին, բա ժամկետ ենք պակասեցնում, Էդ փողը գին ունի, չէ՞:
Կառուցապատողները հայտարարում են՝ շինարարության ինքնարժեքը պետք է իջնի, որ թանկարժեք էլիտարներից բացի հին բնակֆոնդի փոխարեն հնարավոր լինի մատչելի նոր շենքեր կառուցել: