Փետրվարի 11-ին Կառավարությունը հավանության արժանացրեց նախագիծ, համաձայն որի` Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։
Խնձորեսկ և Քարահունջ բնակավայրերի բնակիչները մտահոգված են, քանի որ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրից իրենց բնակավայրերը դուրս են մնացել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» խնդրի վերաբերյալ կապ հաստատեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ։ Գերատեսչությունից հայտնեցին, որ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ներառվելու համար բնակավայրերը պետք է համապատասխանեն սահմանված չափորոշիչներին։ Խնձորեսկ և Քարահունջ գյուղերը դուրս են մնացել ցանկից, քանի որ երկուսի դեպքում էլ սահմանից մինչև բնակավայրի վերջին տունը ընկած հեռավորությունը սահմանված չափորոշիչից շատ է եղել։
«Ընթանում են քննարկումներ՝ վերոնշյալ համայնքները սոցիալական աջակցության ծրագրում ներառելու նպատակով»,- հայտնեցին գերատեսչությունից։