ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցին: Լրագրողի հարցին ի պատասխան, թե 10 տարվա պաշտոնավարման ընթացքում Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր արդյոք լուծել Ղարաբաղի հարցը այն պլանով, որով գնում էր, Մարուքյանը նշեց. «Ես կարծում եմ, որ այդ հարցը կարող էր լուծվել Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք. թույլ չեն տվել լուծվի: Այդ հարցը կարող էր լուծվել Քոչարյանի օրոք՝ 10 տարի չի լուծվել, կարող էր լուծվել Սերժ Սարգսյանի օրոք՝ էլի չի լուծվել, կարող էր լուծվել Փաշինյանի օրոք՝ նույն Լավրովի պլանով»:
Մարուքյանի կարծիքով՝ եթե ՀՀ նախկին ղեկավարությունը Արցախի հարցով բանակցում էր որոշ տարածքներ տալու համար, ապա պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, ոչ թե բոլորին պատրաստեին չտալուն:
Անդրադառնալով Սարգսյանի հայտարարությանը, թե 2018 թ. համաձայնեց վարչապետ առաջադրվել ԼՂ հարցը կարգավորելու համար, Մարուքյանը հակադարձեց՝ եթե նման կոնսենսուս է եղել՝ կարող էին Կարեն Կարապետյանին ընտրել, և նա էլ նույն բանն աներ:
«Այդ ժամանակ երկիրը դարձել էր խորհրդարանական երկիր: Կուսակցության նախագահը Սերժ Սարգսյանն էր: Ինքը նստելու էր Մելիք-Ադամյան փողոցում, օրինակ, և կուսակցությունը ղեկավարելու է: Ընդհանրապես, խոստումը, որ երրորդ ժամկետի չեմ գնալու, և հետո գնաց՝ մեծ սխալ է եղել, և այդ խոստումը չպահելով էլ ժողովրդական մեծ ընդվզում է տեղի ունեցել»,- ասաց Մարուքյանը: