Փետրվարի 17-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հանդիպում է ունեցել մարզի համայնքների այն ներկայացուցիչների հետ, ովքեր կազմակերպչական աշխատանքներ են իրականացնում 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Արցախից մարզ տեղափոխված և մինչ օրս մարզում բնակվող ընտանիքներին ցուցաբերվող սոցիալական աջակցության հարցում:
Հանդիպման նպատակն էր զրուցել մարզում բնակվող արցախցիների հետ անմիջական շփում ապահովող պատասխանատուների հետ, նրանց միջոցով հերթական անգամ տեղեկանալ տարբեր պայմաններում բնակվող ընտանիքներում տիրող իրավիճակին, նրանց կարիքներին և մտահոգող խնդիրներին:
Գնել Սանոսյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ վերջին ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար՝ նշելով, որ նրանց ցուցաբերած պատասխանատվության շնորհիվ բազմաթիվ խնդիրները մինչ օրս իրենց լուծումն են գտնում՝ արցախցիների համար կենցաղային բավարար պայմաններ ապահովելով:
«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում Գեղարքունիքի մարզի այն համայնքների մեր գործընկերներին, որտեղ ժամանակին բնակվել են 100-ից ավելի կամ պակաս թվով արցախցիներ:
Շնորհակալություն Արցախյան պատերազմի ծանր օրերին մեզ հետ անմիջական համագործակցություն ծավալելու, մեր հայրենակիցների կողքին գտնվելու և նրանց տրամադրվող բազմաթիվ աջակցությունները հասցեական բաշխելու համար:
Պետք է ասեմ, Արցախից մարզ տեղափոխված ընտանիքներն առաջին հերթին այստեղ ձեզ են հանդիպել, դուք եք առաջինը տեղեկացել նրանց կարիքների մասին, ձեր համայնքներում դուք բավականաչափ աշխատանք եք իրականացրել, կարգավորել շատ ու շատ խնդիրներ, որի արդյունքում դրական կարծիք է ձևավորվել ձեր, ձեր համայնքի և Գեղարքունիքի մարզի մասին: Կխնդրեմ, որ նույն հայրենանվեր գործունեությամբ և պատվով շարունակեք իրականացնել ձեր հետագա առաքելությունը»,- նշել է Սանոսյանը:
Այնուհետև մարզպետը հանդիպման մասնակիցներին հնարավորություն է տվել ներկայացնելու այն խնդիրները, որոնց հետ իրենք անմիջականորեն առնչվում են և որոնք այսօր ամենաշատն են մտահոգում տեղահանվածներին: Քննարկումից հետո Գնել Սանոսյանը խոստացել է աշխատանքներ տանել բարձրացված խնդիրներին լուծում տալու ուղղությամբ:
Հանդիպման ավարտին 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված ծառայողական պարտականությունները լավագույնս կատարած և 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղափոխվածներին աջակցություն ցուցաբերելու ընթացքում ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար Սանոսյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսել է հանդիպման 23 մասնակցի: